Ռուսաստանի առևտրային գործընկերների ցանկը նայելիս ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի համար Հայաստանը տնտեսապես փոքր նշանակություն ունեցող երկիր է՝ ի տարբերություն Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և անգամ Ադրբեջանի:
ՌԴ-ն ԱՊՀ երկրներից ամենաքիչ առևտուրն անում է Հայաստանի և Տաջիկստանի հետ: Սա երևում է Ռուսաստանի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Այսպես, 2012-ին Ռուսաստանի և Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1.2 մլրդ դոլար: ԱՊՀ երկրներից Ռուսաստանը մեզանից քիչ առևտուր արել է միայն Տաջիկստանի հետ՝ 745 մլն դոլար: Թուրքմենստանի ու Ղրղզստանի հետ Ռուսաստանի առևտրաշրջանառությունը անցած տարի կազմել է համապատասխանաբար` 1.4 և 1.8 մլրդ դոլար, մյուս երկրների դեպքում խոսք է գնում 2 և ավելի միլիարդ դոլարի մասին: ԱՊՀ երկրներից Ռուսաստանը ամենաշատ առևտուրն անում է Ուկրաինայի հետ՝ ավելի քան 45 մլրդ դոլար (2012-ին): Պատահական չէ, որ Ռուսաստանը Մաքսային միություն մտցնելու հարցում ամենաշատը հենց Ուկրաինայով էր շահագրգռված: Երկրորդ տեղում Բելառուսն է՝ 35 մլրդ դոլար, երրորդում՝ Ղազախստանը՝ 22 մլրդ դոլար:
Ադրբեջանի հետ Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը մոտ 2.8 անգամ գերազանցում է Հայաստանի հետ ՌԴ առևտրաշրջանառությանը: Անցած տարի այդ երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 3.4 մլրդ դոլար: Ավելին` Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առևտուրն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին աճել է 31%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), մինչդեռ Հայաստանի դեպքում խոսքը գնում է 9% աճի մասին:
Շատ հետաքրքիր են հատկապես Ռուսաստանի և Բելառուսի առևտրային հարաբերությունները: Վերջին մոտ 2 տարում այս երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը էականորեն նվազել է, չնայած Մաքսային միության սահմաններում իբր ձեռք բերված պայմանավորվածություններին: 2012-ին 2011-ի համեմատ Ռուսաստան-Բելառուս առևտրաշրջանառությունը նվազել է 9.4%-ով, իսկ այս տարվա հունվար-հուլիսին՝ 16.5%-ով (անցած տարվա հունվար-հուլիսի համեմատ):
Այս տարի Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալի նվազում են գրանցել նաև Մոլդովան՝ 23.3%-ով և Ուկրաինան՝ մոտ 20%-ով: Ընդհանուր առմամբ, և՛ ԱՊՀ-ի, և՛ ԵվրԱզԷՍ-ի, և՛ Մաքսային միության շրջանակներում Ռուսաստանի առևտրաշրջանառության ծավալը այս տարի նվազել է:
Այսպիսով, Մաքսային միության գոյությունը կամ նրանում լինել-չլինելը որևէ նշանակություն չունի Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում, քանի որ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները ավելացնում են նաև այն երկրները, որոնք Մաքսային միության մեջ չեն, և պակասեցնում է այն երկիրը, որը Մաքսային միության մեջ է (Բելառուս):





































