Ինչպես գրում է Sueddeutsche Zeitung թերթը, միջադեպ է տեղի ունեցել Բավարիայի Oettinger գարեջրի գործարանում, երբ փականի խափանման պատճառով առաջացել է գարեջրի 30 մետր բարձրությամբ շատրվան: Վթարը տեղի է ունեցել այն խողովակի վրա, որով գարեջուրը մեծ ճնշման տակ հին գործարանից մղվում է դեպի նորը՝ քաղաքի կենտրոնից դեպի արվարձան:
Հայտնի չէ, թե որքան գարեջուր է կորցրել ընկերությունը: Մինչև մասնագետները կփորձեին վերականգնել խողովակաշարը, գարեջուրը մոտ կես ժամ հոսել է: Սակայն գերմանացիները չեն օգտվել այս հնարավորությունից, քանի որ օրենքն ամեն դեպքում վեր է բոլոր տեսակի ցանկություններից:
Տեղի լրատվամիջոցներն այս միջադեպը խորհրդանշական են անվանել, քանի որ այդ շրջանը համարվում է գարեջրի համաշխարհային կենտրոնը, իսկ գարեջրից շատրվանը կարող է դիտվել որպես երազանքների իրականացում:









































