«Աղջիկը. Ռոման Պոլանսկու ստվերի տակ ապրած կյանք» (The Girl: Live Lived in the Shadow of Roman Polanski) սկանդալային գիրքը, որում ներկայացվում են 35 տարի առաջ հայտնի կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու բռնության զոհ Սամանտա Գեյմերի հիշողությունները, վաճառքի է հանվել Ֆրանսիայում:
Տասնամյակներ անց Գեյմերը որոշել է աշխարհին տեղեկացնել այն մասին, թե ինչպես է համաշխարհային մասշտաբի հոլիվուդյան աստղի սեռական բռնության զոհի պիտակը կրել ամբողջ կյանքի ընթացքում:
48-ամյա Սամանտա Գեյմերը խոստովանում է, որ շատ դժվար է եղել գրել այդ գիրքը: Նա պատմում է, որ ցուցմունք տալը հոգեբանորեն ավելի դժվար էր, քան բռնաբարության ենթարկվելը: Փաստաբանի հետ համատեղ գրած գրքում նա մանրամասն ներկայացնում է այն ամենը, ինչ իր հետ տեղի է ունեցել Լոս Անջելեսում 1977 թ.: Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը:
Ըստ Գեյմերի՝ իր ծնողները հաճախ էին մարիխուանա օգտագործում: Խորթ հայրը Marijuana Monthly ամսագիր էր վաճառում, իսկ մայրը չհաջողված դերասանուհի էր: Եվ երեկույթներց մեկի ժամանակ, երբ Պոլանսկին թույլտվություն է խնդրել նրա մորից տանել 13-ամյա Սամանտային Vogue ամսագրի նկարահանումների համար, նա համաձայնել է: Ընդ որում, Գեյմերի հաղորդմամբ, ինքը երբեք չի մեղադրել մորը պատահածի համար, քանի որ չէր էլ կարող պատկերացնել, թե ինչով կավարտվեր այդ ամենը:
Գրքում Գեյմերը խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ խոսում է Պոլանսկու հետ, այն բանից հետո, երբ 2009-ին նրանից ներողություններով նամակ էր ստացել:












































