Քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանը բացարձակապես ապօրինի է համարում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մտադրությունը` «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հեռացնել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից` ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին հղած հարցի պատճառով:
Նրա խոսքով՝ մարդն իրավունք ունի ազատ խոսքի և իր կարծիքն անարգել արտահայտելու. «Փոստանջյանի հարցը հայ ժողովրդի հոգու ճիչն էր: Նման հարց տվող տղամարդ չգտնվեց, գոնե կին գտնվեց»,- ասաց Աբգարյանը:
Հիշեցնենք, որ հարց ու պատասխանի ժամանակ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը Ս.Սարգսյանին հարց էր ուղղել: Նա իր խոսքում նշել էր, որ քանի որ Ս.Սարգսյանը ընտրված նախագահ չէ, նրան ուրիշ հարց չի հղի` բացառությամբ մեկից: Եվ ապա հարցրել է նրան, թե Եվրոպայում արձակուրդի ժամանակ որքա՞ն գումար է տանուլ տվել կազինոյում: Սերժ Սարգսյանը նրան պատասխանել էր, որ ինքը երբևէ կազինո չի գնացել և գումար էլ չի կրվել: Ապա նշել էր, թե՝ «ցավոք սրտի, 70 միլիոնի չեմ տիրապետում և եթե ունենայի, մի մասը Ձեզ կնվիրեի, որպեսզի Դուք կյանքից այսքան դժգոհ չլինեիք»:











































