Թուրքական Milliyet թերթը, վկայակոչելով Jerusalem Post թերթին, գրում է, որ Իսրայելը վճռել է չպատասխանել թուրքական կողմի հարձակումներին և լռություն պահպանել մինչև հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
Իսրայելի կարծիքով` լռության պահպանելը կլինի լավագույն հարվածը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)։
Նշվում է, որ Էրդողանն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ընտրություններից առաջ շարունակ հակաիսրայելական հայտարարություններ են հնչեցնում, ինչն աջակցություն է գտնում թուրք ընտրազանգվածի կողմից։
Դրա համար էլ Իսրայելը որոշել է անտեսել ներքին լսարանի համար նախատեսված թուրք քաղաքական գործիչների հակաիսրայելական հայտարարությունները, և իր պատասխանը կտա խորհրդարանական ընտրություններից հետո։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում հակաիսրայելական հայտարարություններով հատկապես աչքի է ընկնում Ահմեդ Դավութօղլուն։









































