«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նախապես տեղյակ է եղել Փոստանջյանի`ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին տրվելիք հարցի բովանդակությանը: Զարուհի Փոստանջյանը նախապես հարցը համաձայնեցրել է կուսակցության առաջնորդի հետ և նոր մեկնել ԵԽԽՎ:
«Ժառանգության» մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այս տեղեկությունը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց: «Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ համար անհասանելի է: Եթե կարող եք կապվել իր հետ, կապվեք և ճշտեք: Ես տեղեկություն չունեմ»,- ասաց նա: Փոստանջյանի և Հովհաննիսյանի համատեղ այս քայլը բացատրվում է նրանով, որ վերջիններս փորձ են անում կուսակցությունը ներկայացնել թունդ ընդդիմադրի քողի ներքո, քանի որ իրենք էլ են եկել համոզման, որ հատկապես վերջին ընտրություններից հետո «Ժառանգությունը» զիջել է ընդդիմադրի իր դիրքերը:
Հայտնի է և մամուլում էլ գրվեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է թողնել կուսակցության ղեկը: Հեռանալուց առաջ, փաստորեն, նման մեթոդներով փորձ է արվում «ռեսթարթ» անել կուսակցությունը` ներկայացնելով այն որպես առանցքային ընդդիմություն, որի ներկայացուցիչը կարող է միջազգային ամբիոնից նման կերպով վարկաբեկել երկիրն ու նրա առաջնորդին:
Հիշեցնենք, որ այսօր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ հարթակից հայտարարեց, որ քանի որ Սերժ Սարգսյանը ժողովրդի կողմից ընտրված նախագահ չէ, նրան այլ հարց կտա: Ապա Փոստանջյանը Սերժ Սարգսյանին հարցրեց, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ նա վերջերս Եվրոպայի կազինոներից մեկում 70 մլն եվրո գումար է կորցրել:









































