ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 2-ին ընդունել է Իրաքի Հանրապետությունից և Քուրդիստանի Ինքնավար Հանրապետությունից ժամանած եզդիների պատվիրակությանը, որի կազմում էին Քուրդիստանի Ինքնավար Հանրապետության պատգամավոր Միր Հազըմ Թահսին Սայիդը, Իրաքի քաղաքացիական հասարակության կապերի նախարար դոկտոր Մամո Օթլանը, Քուրդիստանի գյուղնախարար Ջեմիլ Սլեման Հայդարը, Քուրդիստանի վարչապետի խորհրդական Միրզա Հասան Ալին, փաստաբան Քերիմ Սլեմանը, հոգևորական Իդո Հաջին և «Միրզա Շանգալ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում եզդիական համայնքի և Իրաքում ու Քուրդիստանում հայ համայնքի մշակութային, կրոնական, լեզվական և ընդհանրապես ազգապահպանությանն առնչվող խնդիրներ:
Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների ազգային-մշակութային հիմնախնդիրների հանդեպ պետական հոգածությունը բարձր մակարդակի վրա է, իսկ հայ ժողովրդի վերաբերմունքը դարերի խորքից եկող բարեկամությամբ ու հայ ժողովրդի արժեհամակարգով է պայմանավորված:
Այդ մասին են վկայում եզդիների լեզվի, մշակույթի, սովորությունների պահմանման ու զարգացման համար ստեղծված լավագույն հնարավորությունները, դրա վառ ապացույցն է նաև Արմավիրի մարզում գործող եզդիների կրոնական սրբատեղին: Երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները առավել ակտիվացնելու նպատակով Էդուարդ Շարմազանովն առաջարկել է զարգացնել նաև խորհրդարանական հարաբերությունները՝ ավելի հաճախակի դարձնելով պատգամավորների փոխայցերը:
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել եզդի համայնքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ցուցաբերած պետական հոգածության, իրենց ժողովրդի ինքնության պահպանմանն ուղղված քայլերի համար՝ տեղեկացնելով, որ Քուրդիստանի կառավարությունը նույնպես ջանք չի խնայում երկրի կառավարման տարբեր օղակներում հայկական համայնքի ներգրավվածությունն ապահովելու, հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը ամրապնդելու գործում:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկու ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու տարբեր հիմնախնդիրների համատեղ լուծմանն առնչվող այլ հարցեր:









































