Միջազգային ճգնաժամային խումբն (International Crisis Group) օրեր առաջ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հերթական զեկույցը՝ «Հայաստան և Ադրբեջան. ռիսկերի սեզոն» վերտառությամբ: Զեկույցը մի շարք փորձագետների կողմից «ոչ այնքան պրոֆեսիոնալ» որակվեց՝ պատճառաբանությամբ, որ այն մասնագետ-փորձագետները չեն պատրաստել: Այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) Կովկասյան ծրագրի ղեկավար Լորենս Շիթսի հետ:
– Պարոն Շիթս, ովքե՞ր էին պատրաստել Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացրած զեկույցը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, և որքա՞ն ժամանակ է մշակվել այն:
– Զեկույցը պատրաստել ենք ես և Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի ղեկավարը: Բնական է, որ յուրաքանչյուր զեկույց, որը ՄՃԽ-ը պատրաստում է, դիտարկվում է շատերի, ինչպես նաև Բրյուսելում գտնվող մեր գլխավոր շտաբի անդամների կողմից: Այն անցնում է խմբագրման և ղեկավարության ու այլ պատասխանատու անձանց մակարդակով: Այսինքն՝ անցնում է բավականին երկար ճանապարհ: Ինչ վերաբերում է տեղական փորձագետներին, ապա նրանք ոչինչ չեն գրել: Մենք ունենք մարդիկ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, ովքեր մեզ օգնում են զեկույցների հարցում՝ հանդիպումներ կազմակերպելով կառավարության տարբեր ներկայացուցիչների, նախարարների, լրագրողների, այլ աղբյուրների, փորձագետների և վերլուծաբանների հետ:
– Ռուս փորձագետները պնդում են, որ զեկույցը հակառուսական է, քանի որ այնտեղ դուք ուշադրություն եք հրավիրել ՌԴ-ի, որպես հակամարտության առանցքային դերակատարի վրա՝ պնդելով, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի զենքի վաճառքը և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին: Նրանք պնդում են, որ եթե ՌԴ-ն չպետք է մատակարարի զենք կողմերին, ապա դա չպետք է անեն նաև եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը: Նրանք զեկույցում Ձեր նշած ելքն ու խորհուրդն անարդար են համարում:
– Ինձ հետաքրքիր կլիներ իմանալ՝ որ փորձագետների մասին է խոսքը: Ես կնախընտրեի կարդալ հենց այդ հատվածը, որի մասին ասում եք. «Ռուսաստանը, որը մեծ ազդեցություն ունի հակամարտության բոլոր ասպեկտներում, պետք է ավելի վճռական լինի հակամարտող կողմերի միջև համաձայնության հաստատման հարցում։ Դա կարող է լինել այն դեպքում, եթե Մոսկվան հայտարարի, որ դադարեցնում է զենքի վաճառքը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Զենքի մյուս մատակարարները, որոնց թվում են Հարավային Կորեան ու Իսրայելը, պետք է հետևեն այս օրինակին»: Այսինքն՝ այլ մատակարարների մասին ևս ասվում է, այդ թվում Իսրայելի, Կորեայի և մյուս այլ երկրների մասին, քանի որ արդեն բավական զինամթերք կա տարածաշրջանում, և ավելի շատ, քան հարկավոր է, իսկ դա կարող է հանգեցնել չափազանց վատ, ծանր մարդկային կորուստների: Ինչ վերաբերում է պնդումներին, որ ՌԴ-ն ազդեցիկ է, ապա ես կարծում եմ, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ԼՂ-ն նախկին ԽՍՀՄ կազմում էին, 22 տարի է անցել ԽՍՀՄ-ի փլուզումից, Հարավային Կովկասում ՌԴ-ն ունի ռազմաբազաներ, մարդիկ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից աշխատում են Ռուսաստանում, գումար են ուղարկում տուն ՌԴ-ից և օգնում իրենց ընտանիքներին, գոյություն ունի վիզային ռեժիմ այս գոտում ՌԴ-ի հետ: Այնպես որ, ասել, թե ՌԴ-ն առանցքային ֆիգուր չէ՝ գործողությունների, ազդեցության իմաստով, սխալ կլիներ:
– Այսինքն՝ զեկույցն ընկալվում է որպես ակնարկ այն մասին, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
-Նման բան գրված չէ:
– Ո՞ր իրադարձություններն են Ձեզ հիմք տվել պնդելու, որ կողմերի միջև իրավիճակը ռիսկային է:
– Ամեն ամիս մարդիկ են մահանում, հարյուրավոր մարդիկ չեն կարողանում տուն վերադառնալ, տասնյակներ սպանվում են, կա զենքի մրցավազք՝ շատ ժամանակակից, որը չկար մինչ 1994 թ.: Եթե լինի նոր հակամարտություն… մենք շեշտում ենք, որ մենք չենք գրում և փաստում, որ նոր հակամարտություն կսկսվի, մենք գրում ենք, որ ակտիվ բանակցային գործընթացի բացակայության պայմաններում, կողմերի միջև հանդիպումների բացակայության պայմաններում, երբ կա լուռ գործընթաց, բնական է, որ զենքի մրցավազքն է առաջ եկել, երկկողմ ռազմատենչ, սպառնալից հայտարարություններն են առաջ եկել, մեծացել է հակամարտության կարևորությունն ու աշխարհագրական դիրքը: Եթե նախկինում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում էին տեղի ունենում բախումները և կրակահերթերը, ապա հիմա սահմանի ամենամոտ հատվածում ևս դրանք կան, և՝ բավականին լուրջ միջադեպերով, իսկ դա նշանակում է, որ հակամարտությունը տարածվում է հակամարտության սկզբնական էպիկենտրոնից: Մենք նաև Նախիջևանում մի դեպքի ականատես եղանք: Այնտեղ բախում եղավ, հայկական աղբյուրների համաձայն՝ մեկ զինվոր սպանվել էր, մեկը՝ վիրավորվել: Մենք ասում ենք, որ այս պայմաններում, երբ նաև կա քաղաքական ոչ հստակություն, կամ հնարավոր լարվածություն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, ապա մեծանում է սխալվելու ռիսկը՝ ամեն կողմը կարող է ցանկություն ունենալ ցույց տալու, որ ուժեղ է: Դա ստանդարտ սպառնալիք է, որը հաճախ լինում է ոչ միայն Ադրբեջանում, Հայաստանում, այլև ողջ աշխարհում: Ներքին թշնամու գործոնը ևս կարևոր է: Լինում է այն, ինչ եղավ 2008 թ. Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո, եղավ բախում, մեծ խնդիրներ կային Հայաստանում, մեծ ակցիաներ մեկ ամսվա ընթացքում, և շատ լուրջ բախումներ էին տեղի ունեցել շփման գծում, և շատ մանրամասներ շատերին հայտնի չեն: Հաշվի առնելով, որ անվտանգության համակարգ չկա, խաղաղարար զորքեր չկան, չկան վերահսկողներ, որոնք մանդատ ունեն, կարող են սխալներ լինել:
Իսկ մենք կոչ ենք անում միջնորդներին, այդ թվում ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և այլ երկրներին՝ ԵՄ-ին, այս փուլում, երբ քիչ հավանական է, թե առաջընթաց կլինի կողմերի միջև, առավելագույնս ուշադիր լինել: Իսկ հետո, երբ իրավիճակը պարզ կլինի, մենք ընդհանուր հակամարտության ասպեկտների մասին կգրենք, որոնք միջնորդական առաքելությանն են վերաբերում նաև: Մենք ներկայիս փուլին էինք ուզում ուշադրություն հրավիրել, թե ինչպիսի հատուկ մարտահրավերներ կան: Մենք այնտեղ չենք խոսել Մինսկի խմբի և երկու երկրների քաղաքացիական հասարակությունների և դրանց դերի մասին:
– Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Համանախագահները տեղեկացրել էին, որ նախատեսում են տարեվերջին նախագահների հանդիպմանը պատրաստվել: Սա որքանո՞վ կարող է կառուցողական լինել կողմերի միջև այս անվստահության պայմաններում:
– Դժվար է կառուցողականության վերաբերյալ կանխատեսումներ անել, բայց փաստը, թե այն պետք է կայանա, դրական քայլ է: Առանց ուղիղ շփումների քիչ հավանական է, որ առաջընթաց կարող է գրանցվել կողմերի միջև: Այն, որ նախագահների մակարդակով հանդիպում պետք է լինի, դա շատ լավ է, դա Մինսկի խմբի համանախագահների ինտենսիվ աշխատանքի արդյունքն է: Կարևոր է, որ այդ հանդիպումներն ավելի հաճախակի բնույթ կրեն և դառնան բնականոն գործընթաց: Չլինի այնպես, որ վեց ամիս-մեկ տարի կողմերին համոզեն նստել մեկ սեղանի շուրջ: Մենք գիտենք, որ ստատուս-քվոն հավետ չէ, այն կախված է այս բոլոր գործոններից, որոնց մասին խոսեցինք: Լավ կլիներ, որ ոչ միայն նախագահներն ավելի հաճախ հանդիպեին և երկխոսեին,այլև նախարարությունները, կառավարությունները, և այդ հանդիպումները տեղին ունենային հենց երկու երկրներում, ոչ թե երրորդ երկրներում: Քաղաքացիական հասարակությունները ևս շատ օգտակար գործունեություն են ծավալում: Նրանք փորձեր են անում երկխոսություն են ծավալում և ապաքաղաքականացնում են երկխոսությունը, որը շատ կարևոր է: Այդ կողմերը ևս պետք է հանդիպումները շարունակեն Հայաստանում և Ադրբեջանում: Երկու երկրներում միմյանց մասին միֆեր են շրջում, ուստի շփումները շատ օգտակար կլինեին այս առումով:
– Կարծում եք, որ դրանով կողմերի միջև առկա լարվածությունը կթուլանա՞:
– Ես վստահ եմ, որ դա կիջեցնի լարվածության մակարդակը: Նման պայմաններում սպառնալից հայտարարությունները և ռազմատենչ հռետորաբանությունը պակասում է: Պետք է շփում և ուղիղ շփում: Դժվար է պատկերացնել, որ ԼՂ հակամարտությունը կհանգուցալուծվի ուղիղ մասնավոր շփումների բացակայության պայմաններում: Դժվար է դա պատկերացնել:








































