ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարներ Չակ Հեյգելն ու Կիմ Գվան Չժինը Սեուլում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրել են փաստաթուղթ, որը նախատեսում է միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակներ կիրառելու Փխենյանի սպառնալիքների դեմ Վաշինգտոնի ու Սեուլի պատասխան գործողությունները:
Փաստաթղթում նշվում են նաև ամերիկյան «միջուկային հովանոցի» ամրապնդման միջոցառումները՝ կապված փետրվարին Հյուսիսային Կորեայի կողմից երրորդ միջուկային փորձարկման անցկացման հետ:
Բացի այդ, ծրագրում նշվում է օբյեկտներին նախազգուշական հարվածներ հասցնելու հնարավորությունը՝ միջուկային զենք կիրառելու Հյուսիսային Կորեայի պատրաստակամության դեպքում:
Դաշնակիցների գնահատականներով՝ Հյուսիսային Կորեան ունի տարբեր տեսակի ավելի քան 1000 հրթիռ: Հանդիպման ժամանակ Կորեայի ազգային պաշտպանության նախարարն ընդգծել է ՀՕՊ և ՀՀՊ կորեական համակարգերի ստեղծման Սեուլի ձգտումը:











































