ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հարավային շրջանի դատախազությունը հաղորդել է խոշոր խարդախության բացահայտման մասին, որին մասնակցել են ամերիկահայեր, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի բնակիչներ:
Խարդախության կապակցությամբ հարուցվել է չորս քրեական գործ, որում ընդհանուր առմամբ ներգրավված է 55 մարդ: Նրանցից 22-ը ձերբակալվել էն Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում, Լաս Վեգասում և Մերիլենդ նահանգում: Նրանցից 33-ը փախուստի մեջ են, 21-ն արդեն հեռացել են երկրից՝ հաղորդում է BBC-ն:
Նախորդ շաբաթ իշխանություններն իրականացրել են 12 խուզարկություն, որոնց ընթացքում առգրավվել են 12 հազար դոլար կանխիկ գումար և չորս ատրճանակ. դրանցից երեքը գրանցված չեն:
Առաջին գործը վերաբերում է խարդախության, որի մասնակիցները գողացել են ավելի քան 2000 տուժածների անձնական տվյալները և նրանց անունից ԱՄՆ հարկային վարչությունից պահանջել են վերադարձնել այդ անձանց կողմից վճարված ավելի քան 17 միլիոն դոլարի հարկերը:
Հարկային վարչության աշխատակիցները մերժել են հայտերի մի մասը և հանցագործներին փոխանցել են ավելի քան 7 միլիոն դոլար: Երբեմն հարկերը վերադարձվել են նույնիսկ մահացած անձանց: Այս գործում ներգրավված է 29 մեղադրյալ:
Հաղորդվում է նաև, որ հանցագործներն այս գործում ներգրավել են Սան Դիեգոյում ժամանակավորապես բնակվող տասնյակ երիտասարդների՝ նախկին խորհրդային երկրներից, որոնք ԱՄՆ են ժամանել J-1 և F-1 այցագրերով:
J-1 այցագիր ունեցողները ներգաղթյալների շրջանում հայտնի են «ջեյուանականներ» անվամբ: Նրանք գալիս են մշակութային փոխանակման շրջանակներում, ունեն աշխատանքի թույլտվություն և սովորաբար ԱՄՆ-ում անցկացնում են երեք ամիս:
Իսկ F-1-ը ուսանողական այցագիր է: Այն տրվում է մեկուկես տարի ժամկետով և կարող է երկարաձգվել:
Օգտվելով այն հանգամանքից, որ այս մարդիկ սովորաբար գտնվում են ԱՄՆ-ում ոչ երկար ժամանակով, հանցագործները նրանց ծառայություններից օգտվել են բանկային հաշիվներ, դեբետային քարտեր բացելու, փոստային արկղեր վարձակալելու համար:
Դատախազությունն այս հանցախմբի առաջնորդներ է համարում Լոս Անջելեսի բնակիչներ՝ 32-ամյա Արթուր Գրիգորյանին, 30-ամյա Էռնեստ Սոլոյանին և 34-ամյա Հովհաննես Հարությունյանին: Նրանցից առաջինը գործում հայտնի է Քոռ, Մո, Պոնչ, Պոնչիկ մականուններով, երկրորդը՝ Հովո, Օզ, Անակոնդա, Օձ, Կոբրա մականուններով:
Դատախազության տվյալներով՝ մեղադրյալները քողարկել են նաև համակարգիչների IP հասցեները, որոնցից հարկային կեղծ դեկլարացիաներ են ուղարկել էլեկտրոնային փոստով: Նրանք նաև հաճախակի փոխել են բջջային հեռախոսները:
Երկրորդ գործում ներգրավված է երեք մարդ, որոնք մեղադրվում են հարկային ծառայությանը ավելի քան 400 հարկային կեղծ դեկլարացիաներ ուղարկելու մեջ՝ այն մարդկանց անունից, որոնց տվյալներն ունեցել են:
Երրորդ գործը վերաբերում է ութ մարդուց բաղկացած խմբին՝ 32-ամյա Հովակիմ Սողոմոնյանի և 39-ամյա Հարութ Գևորգյանի գլխավորությամբ: Նրանք հայտնաբերել են Wells Fargo բանկի հարուստ հաճախորդների անունները և տվյալները, այնուհետև այդ մարդկանց անունից բանկ են եկել հատուկ նախապատրաստություն անցած ինքնակոչներ: Ներկայանալով որպես բանկի հաճախորդ՝ նրանք խնդրել են գումարն իրենց հաշվից փոխանցել ոսկու առևտրով զբաղվող ոմն մարդու հաշվին: Հանցագործները փորձել են այս կերպ ստանալ ավելի քան 3 միլիոն դոլար, սակայն իրականում ստացել են 551 հազար դոլար:
Չորրորդ գործի մեղադրյալներն են 18 մարդ՝ 35-ամյա Կարեն Գալստյանի և 32-ամյա Վահագն Ստեփանյանի գլխավորությամբ: Նրանք մեղադրվում են առանց մարման անդորրագրեր դուրս գրելու և Bank of America-ից ավելի քան 600 հազար դոլար հափշտակելու փորձի մեջ:











































