Սերժ Սարգսյանը, որն այսօր պետք է ելույթ ունենա Ստրասբուրգում, Փարիզում երեկ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Օլանդը, ըստ Հայաստանի նախագահականի տարածած հաղորդագրության, վերահաստատել է Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու Ֆրանսիայի պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի այցը Փարիզ տեղի ունեցավ հենց Օլանդի նախաձեռնությամբ, որը Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանին հրավիրել էր Փարիզ տարածաշրջանային և երկկողմ հարցեր քննարկելու համար: Այսինքն` փարիզյան հրավերը հանպատրաստից հրավեր էր, ինչը, բնականաբար, ենթադրում է առնվազն Ֆրանսիայի ունեցած որևէ մտահոգություն կամ դժգոհություն: Այլապես Օլանդը Սերժ Սարգսյանին Անկախության տոնի շնորհավորական ուղերձի միջոցով չէր հրավիրի Ֆրանսիա:
Պետք է ենթադրել, որ Օլանդի մտահոգությունները կապված են եղել Մաքսային միության մասին Սերժ Սարգսյանի հայտարարության հետ: Համենայնդեպս, կոնկրետ մտահոգությունների մասին ոչինչ հայտնի չէ, սակայն կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանին ինչ-որ առումով հաջողվել է փարատել Ֆրանսիայի մտահոգությունները: Համենայնդեպս, Հայաստանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ դա նկատվում է, եթե, իհարկե, հաղորդագրությունը բացարձակ ինքնագործունեություն չէ և չի թաքցնում այն իրական բովանդակությունը, որ եղել է Փարիզում:
Չէ՞ որ Հայաստանի պաշտոնական քարոզչությունը հարուստ է նման «սրբագրումների» փորձերով, որոնցից թարմ է, օրինակ, Սերժ Սարգսյանի Լեհաստան կատարած այցն ու այդ երկրի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսը: Ըստ ամենայնի, Օլանդի հետ հանդիպման արդյունքները կնշմարվեն այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի պատգամավորների առաջ Սերժ Սարգսյանի ելույթում և պատգամավորների հարցերի պատասխաններում:
Ստրասբուրգում Սարգսյանին բավական ծանր ժամեր են սպասվում, և եթե նա կարողացել է Փարիզում իսկապես Օլանդի աջակցությունը ստանալ, ապա ԵԽԽՎ-ի դահլիճում նա հավանաբար առավել ինքնավստահ կլինի: Այս ամենում, սակայն, հատկանշականն ու էականը միգուցե մեկ այլ բան է: Ինչո՞վ է զբաղված Հայաստանի իշխանությունը ներկայիս կարևորագույն և պատմական՝ համաշխարհային մասշտաբով պատմական ժամանակահատվածում: Հայաստանի իշխանությունները զբաղված են մեկ Արևմուտքին, մեկ Ռուսաստանին սիրաշահելով:
Սա՞ էր արդյոք այն զբաղմունքը, որով պետք է Հայաստանը զբաղվեր ներկայումս: Այս հարցին դրական պատասխանելը դժվար կլինի լուրջ ընկալել: Սակայն սա էլ բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը պետք է կամ Արևմուտքին, կամ Ռուսաստանին ուղարկեր գրողի ծոցը: Բոլորովին: Ոչ մեկին պետք չէ ոչ մեկի ծոցն ուղարկել, և ոչ մեկի ծոցը մտնել պետք չէ: Ընդամենը պետք է սեփական հասարակությանն ու միջազգային քաղաքականության սուբյեկտներին ներկայացնել պետական քաղաքականության հստակ օրակարգ, որպեսզի հետո հարկ չլինի անել հասարակությունից գաղտնի պահած հայտարարություններ, և հետո հարկ չլինի փախչել հասարակությունից և վազել այս ու այն կողմ:









































