Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անցկացվել են տոնական միջոցառումներ, որոնց մասնակցել են նաև վարչական շրջանների ղեկավարները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով տարեցներին` վարչական շրջանների ղեկավարները նրանց առողջություն ու երկարակեցություն են մաղթել, նշելով, որ սոցիալական տարբեր խմբերի խնդիրները մշտապես եղել և մնում են քաղաքային իշխանությունների ու, մասնավորապես, Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մի շարք վարչական շրջաններում սոցիալապես անապահով և հաշմանդամ ծերերի համար տոնական ճաշկերույթներ են կազմակերպվել: Անմասն չեն մնացել նաև այն տարեցները, ովքեր վատառողջ լինելու պատճառով ստիպված են եղել տանը մնալ:
Նրանց համար էլ տնային այցելություններ են եղել՝ համապատասխան նվերներով: Որոշ վարչական շրջաններում տարեցներին դրամական աջակցություն է հատկացվել, կազմակերպվել են այցելություններ մայրաքաղաքի մշակութային օջախներ և ներկայացումների դիտումներ:










































