Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամի ընթացքում ստիպված կլինի ի թիվս այլ սահմանափակումների դադարեցնել իր օպերացիաների հեռարձակումը NASA TV կայքի և հեռուստաալիքի միջոցով՝ ասվում է գործակալության հաղորդագրությունում:
ԱՄՆ-ում դաշնային պետհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվել է 17 տարում առաջին անգամ, քանի որ Կոնգրեսը փոխզիջման չի եկել բյուջեի հարցում:
Ներկայում NASA TV-ն հեռարձակում է նախկին ծրագրերի կրկնությունները: Սպասվում է, որ NASA-ի գործառնական և գիտական կենտրոնները կփակվեն այցելուների համար, իսկ գործակալության մասնագետները կդադարեն դպրոցներում աշխատել կրթական ծրագրերի շրջանակում:
Այսօր գործակալությունը նշում է իր 55-ամյակը: Հարկադիր արձակուրդի կուղարկվի անձնակազմի 97 տոկոսը: Կաշխատեն միայն նրանք, ովքեր պատասխանատու են Միջազգային տիեզերակայանի և գործող տիեզերական ապարատների աշխատանքի համար:





































