Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է վստահությունը խարխլելու և քաղաքական գծի անկայունության մեջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆի հաղորդագրությունը Twitter միկրոբլոգում:
«Նախագահ Օբաման պետք է հետևողական լինի՝ համատեղ վստահությունն ամրապնդելու համար: Կտրուկ շրջադարձերը խարխլում են վստահությունը և թուլացնում ամերիկացիների վճռականությունը»,- գրել է նախարարը:
Երկուշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ քննարկում է բոլոր տարբերակները, եթե Իրանը ցանկանա միջուկային զենք ձեռք բերել: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը սթափ մոտեցում կցուցաբերի Թեհրանի հետ բանակցային գործընթացին, որը պետք է իր անկեղծությունն ապացուցի գործողություններով, այլ ոչ միայն բառերով:
Հիշեցնենք, որ օրերս Ռուհանին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ երկու երկրների առաջնորդները իրանական միջուկային խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու վճռականություն են հայտնել: 1979 թվականից ի վեր սա ԱՄՆ-ի և Իրանի նախագահների առաջին շփումն էր:










































