ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը, դրական է վերաբերվում Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում նշանակմանը:
Հարցին՝ եթե պնդում էր, որ նախկին գլխավոր դատախազը վայելում է ժողովրդի սերն ու վստահությունը, ինչո՞ւ նրան հնարավորություն չտրվեց շարունակելու պաշտոնավարումը, պատգամավորն արձագանքեց, որ իր խոսքերն աղավաղել են, ինքն ասել է՝ դա նախագահն է որոշում:
Ռուբեն Հովսեփյանը Կոստանյանին վերաբերվում է շատ նորմալ, դրական: «Մարդը աշխատել է համակարգում, նորմալ էլ կաշխատի»,- ասաց նա:
Հովսեփյանի խոսքով՝ պաշտոնը հավետ չէ, պաշտոնավարման ընթացքում նախկին գլխավոր դատախազը շատ լավ է աշխատել:
Հարցին՝ կարծում է, թե Կոստանյանն ավելի լա՞վ կպաշտոնավարի, քան Աղվան Հովսեփյանը, պատգամավորը միայն արձագանքեց՝ ցանկանում է, որ լավ աշխատի:
ՀՀԿ անդամը նեղացած չէ, որ եղբայրը չվերանշանակվեց: «Բայց նորից գործի առաջադրվեց, չէ՞»,- ասաց նա՝ հավելելով, որ ստեղծվում է նոր համակարգ, և ինքն ուրախ է, որ այդ համակարգը գլխավորելու է Աղվան Հովսեփյանը:










































