ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել ամերիկյան հետախուզական ծառայությունների գործունեության մասին և ժամանակավոր ապաստան ստացել Ռուսաստանում, «Մտքի ազատության համար» Սախարովի մրցանակի հավակնորդներից մեկն է: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մրցանակին հավակնողների սեղմ ցուցակում, Սնոուդենից բացի, հայտնվել են նաև բելառուսցի ընդդիմադիրներ Ալես Բելյացկին, Նիկոլայ Ստատկևիչը և Էդուարդ Լոբովը, ինչպես նաև պակիստանցի աշակերտուհի Մալալա Յուսուֆզային:
Մրցանակակրի անունը կհայտնեն Ստրասբուրգում՝ հոկտեմբերի 10-ին, իսկ մրցանակի հանձնման արարողությունը կկայանա նոյեմբերի 20-ին:
Սախարովի մրցանակը, որը նախատեսում է 50 հազար եվրո դրամական պարգև, սահմանվել է Եվրախորհրդարանի կողմից և հանձնվում է 1988 թվականից՝ մարդու իրավունքների համար պայքարում ունեցած ներդրման համար:
Նշենք, որ մրցանակով պարգևատրվել են Նելսոն Մանդելան և ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:







































