Վրաստանի Գործընկերային հիմնադրամի գործադիր տնօրեն Իրակլի Կովզանաձեն ընդունել է արտաքին գործերով և միջազգային տնտեսական համագործակցության հարցերով Հունգարիայի պետքարտուղար Փիթեր Սիարտոյին: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
Սիարտոն ծանոթացել է Գործընկերային հիմնադրամի մանդատին ու հնարավորություններին: Հունգարիայի պետքարտուղարը ցանկություն է հայտնել համագործակցելու Գործընկերային հիմնադրամի հետ և խորացնելու տնտեսական կապերը Վրաստանի հետ:
Իրակլի Կովզանաձեի խոսքով՝ հունգարական պատվիրակության հետ հանդիպումը եղել է արդյունավետ և կարևոր: Սիարտոն 350 մլն եվրոյի ներդրման պատրաստակամություն է հայտնել:
«Պարոն Սիարտոն հատկապես հետաքրքրվեց էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերում հիմնադրամի հնարավորություններով: Մասնավորապես, մենք քննարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման հարցերը և պետական էներգահամակարգում հունգարական կողմի մասնակցության հնարավորությունը»,- հայտարարել է Կովզանաձեն:
Իր հերթին Սիարտոն նշել է, որ հունգարական կողմն ակնդետ հետևում է Վրաստանում տնտեսական գործընթացներին:
Իրակլի Կովզանաձեի խոսքով՝ արդեն որոշված է, որ Գործընկերային հիմնադրամի հովանու ներքո արդեն դեկտեմբերին Թբիլիսիում կկայանա վրաց-հունգարական բիզնես-ֆորում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացող ընկերություններն ու բիզնես-սուբյեկտները՝ ինչպես վրացական, այնպես էլ հունգարական կողմից:











































