Մաշտոցի պուրակում այսօր տեղի ունեցավ տրանսպորտի ոլորտի հիմնախնդիրներով և ուղեվարձի թանկացման հարցով հանրային հանձնաժողովի ստեղծման մասին հանրային քննարկում, որի ընթացքում ելույթ ուենցավ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ, հանձնաժողովում ընդգրկված Բաբկեն Պիպոյանը:
«Ես ի սկզբանե առաջին իսկ օրվանից, երբ քաղաքապետարանը ներկայացրեց հաշվարկ-հիմնավորում, տվեցի իմ հիմնավորումը՝ առ այն, որ իրենց ասածը չի համապատասխանում իրականությանը: Այն դեպքում, եթե անգամ ներդրվեն բոլոր այն ծախսերը, որոնք իրենք գրել են, ապա ծախսերը պետք է ամորտիզացիայի մասով կիսեն, այսինքն մեքենաները շահագործեն ոչ թե հինգ, այլ տասը տարով և ընդամենը հաշվարկեն տեղափոխվող ուղևորների թիվը:
Երբ քաղաքապետարանում բարձրացրեցի այդ հարցը, փոխքաղաքապետ Նիկոյանն ասաց, որ հետ չենք նայում՝ նայում ենք առաջ: Ցավոք, իմ հարցադրումից հետո շահագրգիռ կողմեր իսկապես հանձնաժողովում չեղան, ու չքննարկվեց այն հարցը, թե ինչու չենք քննարկում»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ փորձելու է անել, որպեսզի հաշվարկ-հիմնավորումը ներկայացվի վաղվա տրանսպորտի համար. «Այսինքն մենք երբեք գազելների մեջ կանգնած մարդ չենք տեսնելու, կատարյալ պայմաններ են լինելու: Չհամաձայնել չենք կարող, որովհետև ցիվիլ երթևեկություն բոլորս ենք ուզում, բայց շատ կարևոր նախապայման՝ չպետք է թողնել մոլորեցնել մեզ: Այսինքն գնում ենք դեպի քաղաքակիրթ տրանսպորտի հստակ մեխանիզմ ունենալու»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բ․ Պիպոյանը նշեց, որ առայժմ գնի հետ կապված գնահատական տալ չի կարող՝ այդ մասով դեռևս խոսակցություններ չեն եղել․ «Երբ սահմանվում էին չափորոշիչները, ես ինքս ասացի, որ չի կարելի սահմանել չափորոշիչներ, որից ելնելով էլ՝ գին, որովհետև իրականում չափորոշիչը հենց գին է:
Առհասարակ՝ ի՞նչ ենք հասկանում «ցիվիլ երթևեկություն» ասելով, որքան ժամանակ է պահանջվում ցիվիլ երթևեկություն ունենալու համար, այսինքն կան որոշակի հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չունեցանք»:
Պիպոյանը հավելեց, որ իր ՀԿ-ն արդեն երկու ամիս պայքարում էր մեկ երևույթի համար՝ որպեսզի անպայման լինի հանրային լսում և իրավական ակտի նախագիծ. «Միայն հանրության դատից հետո կա՛մ շարունակություն ունենա, կա՛մ ոչ… Մենք եկել-հասել ենք նրան, որ հանրությանը տրվելու է հնարավորություն իրավական ակտի նախագծին գնահատական տալ, և հրաժարվել դրանից պետք չէ»:
Նա նաև նշեց, որ քաղաքական հարցադրումներ պետք է բարձրացնեին հենց ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք ընդգրկված էին հանձնաժողովում, և որոնք ուղղակի չպետք է թույլ տային փոխքաղաքապետին իրեն հակադարձել․ «Դա ոչ թե պետք է ներկայացնեի ես, այլ այն մարդիկ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ»:
Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ այսօր առայժմ գին ներկայացնել ոչ ոք չի կարող, սակայն նրա կարծիքով՝ քաղաքապետարանը խոցելի թիվ է ներկայացնելու․ «Եթե ինչ-որ մեկն այսօր ասի, որ թիվ է հաշվել, ես կբանավիճեմ, որովհետև մաքսիմալ գրագետ և կլասիկ գործող իրավիճակում ոչ ոք ներկայացնել չի կարող»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































