Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ ընթանում է Սերյոժա Կարապետյանի, Արմենակ Ավետիսյանի և Ռազմիկ Խանայանի գործի դատական քննությունը:
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ շարքային Արմեն Ավետիսյանը 2012 թվականի մայիսի 30-ին, գտնվելով մարտական դիրքում, զինծառայողների մոտ իր վարկանիշը բարձրացնելու, սեփական անձի առավելություններն ընդգծելու նպատակով բռնություն է գործադրել համածառայող Ս. Սամվելյանի նկատմամբ, հաշիվ է պահանջել իրեն խաբելու՝ 1000 դրամից ավելի գումար ունենալու հանգամանքը թաքցնելու համար, ինչի հետևանքով Սամվելյանի մոտ, ըստ մեղադրանքի, զարգացել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարում: Նա զրկվել է իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու, դրանք ղեկավարելու ունակությունից: Այդ պատճառով հունիսի 1-ին Սամվելյանն ինքնասպանություն է գործել:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Արմենակ Ավետիսյանը նաև առանց դիրքի ավագի թույլտվության թողել է մարտական հենակետը ու գնացել հարևան հենակետ՝ խախտելով մարտական հերթապահության կանոնները:
Սերյոժա Կարապետյանը, լինելով ջոկի հրամանատար, 2012 թվականի մայիսի 21-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարել է իշխանազանցություն: Նա, օգտվելով դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Խանայանի թողտվությունից, նույն դիրքի խրամաբջջի մոտ, ըստ մեղադրանքի, ստորացրել է իր ենթակայության տակ գտնվող ջոկի զինծառայող Ս. Սամվելյանի պատիվն ու արժանապատվությունը, բռնություն է գործադրել նրա նկատմամբ ու իր գործողություններով Սամվելյանին հասցրել է ինքնասպանության:
Ավագ լեյտենանատ Ռազմիկ Խանայանը, ըստ մեղադրանքի, պարբերաբար չի կատարել մարտական հերթափոխերը, ինքնակամ լքել է մարտական դիրքը: Նրա թողտվության պայմաններում են զինծառայողները Ս. Սամվելյանին հասցրել ինքնասպանության:
Կարապետյանի ու Ավետիսյանի խափանման միջոցը կալանավորումն է, իսկ Խանայանինը՝ չհեռանալու մասին ստորագրությունը:





































