Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը սեպտեմբերի 30-ին ԱԺ-ում զինդատախազ, գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված տարիներ առաջ զինծառայողներին գոմեշի մսի մատակարարման մեջ մեղադրվող Արշալույս Փայտյանի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը: Ի պատասխան՝ Կոստանյանը նշեց, որ ինքը ձեռնպահ կմնար ցանկացած պարագայում ինչ-որ երևույթի մասին խոսել հասարակության անունից: «Կոնկրետ գործերի վերաբերյալ կարող ենք խոսել հասարակության որևէ խմբի կամ անձանց անունից, իսկ հասարակության անունից խոսելը մի քիչ համարձակ քայլ է, ամեն մեկը նման իրավունք չի կարող վերապահել իրեն, առավել ևս՝ երբ խոսում եք մի քրգործի մասին, որի հանգամանքների վերաբերյալ բավարար տեղեկություններ, վստահ եմ, չունեք»,- ասաց նա:
Կոստանյանի խոսքով՝ «Գոմեշի մսի գործ» արտահայտությունը գեներացված գնահատական է, խոսքն ընդամենը սովորական խարդախության մասին է, ոչ թե ինչ-որ հանցագործության: Զինդատախազը համոզված է՝ եթե խոզի մսի փոխարեն մատակարարվեր տավարի միս, կլիներ նույն խարդախությունը, հանցավոր բնույթն այն է, որ տավարի մսի փոխարեն մատակարարվել է ավելի ցածր արժեք ունեցող գոմեշի միս: Խարդախությունը կատարվել է մարտ ամսին, սակայն միայն հունիս ամսին են բավարար ապացուցողական բազա ձեռք բերել:
Գործում ներգրավված մեկ այլ անձի՝ գործարար Ալբերտ Օհանջանյանին ձերբակալելու կամ կալանավորելու միջնորդություն ներկայացնելուց հետո քրեական հետապնդում է սկսվել մի քանի անձանց նկատմամբ: Կոստանյանի խոսքով՝ Օհանջանյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք չի ցուցաբերվել. այս պահի դրությամբ միայն խափանման միջոցն է փոփոխվել՝ կալանավորման փոխարեն երկրից չհեռանալու մասին որոշում է կայացվել, քանի որ կալանքի ընթացքում նա երկու թե երեք անգամ սրտի կաթված էր ստացել, երկար ժամանակ անցկացրել է դատապարտյալների հիվանդանոցում, և երբ տեղեկանք հայտնվեց, որ դատապարտյալների հիվանդանոցը վերջինիս առողջության վերականգնման համար բավարար միջոցներ չունի, միայն այդ ժամանակ նրա խափանման միջոցը փոխելու որոշում կայացվեց:
«Ցանկացած անձ, ով ներառված է եղել այս գործընթացի մեջ, ենթարկվելու է պատասխանատվության, բայց ոչ նրա համար, որ հասարակության որոշակի խումբ կամ անձինք այդպես են գտնում»,- ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ անուններ չնշեց, սակայն այս գործում ներգրավված ցանկացած անձ ենթարկվելու է պատասխանատվության: Զինդատախազը նշեց, որ հոլովվում են մեկ-երկու անուններ, քանի որ մամուլում այդ անուններն են շրջանառվում, սակայն կարծիք հայտնողները շատ մանրամասների տեղյակ չեն: Քրեական պատասխանատվության համար, ըստ Կոստանյանի, պիտի լինեն բավարար ապացույցներ, քրգործի դատավարությունը դեռ շարունակվում է, հնարավոր է ամիսներ անց լինեն բավարար ապացույցներ, սակայն դեռ պատրաստ չեն բոլոր անձանց վարքագծի իրավական գնահատական տալու համար:









































