Բոսնիացի սերբերի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչի փաստաբանը հայտարարել է, որ նա փաստաթուղթ ունի, որն ապացուցում է, որ մարդկության դեմ գործած հանցանքների մեջ մեղադրվող Մլադիչը հիվանդ է քաղցկեղով, և որ նա 2009 թ. բուժվել է սերբական հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Փաստաբան Միլոշ Սալյիչը գործակալությանն ասել է, որ 2009 թ. Մլադիչը նույնիսկ վիրահատության է ենթարկվել: Նա ցուցադրել է բժշկական ախտորոշման փաստաթղթերի կրկնօրինակները, սակայն հրաժարվել է հայտնել, թե կոնկրետ որ հիվանդանոցում է բուժվել նախկին զինվորականը:
Հիշեցնենք, որ Մլադիչը ձերբակալվել էր մայիսի 27-ին Սերբիայում: Մի քանի օր անց նրան տարհանձնել են Հաագա՝ Միջազգային քրեական դատարանում արդարադատության դեմ կանգնելու համար: Նա մեղադրվում է 90-ականների սկզբին Բոսնիայում մուսուլմանների և խորվաթների դեմ հանցանքներ գործելու մեջ:









































