Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության հովանու ներքո իրականացվող մշակութային միջոցառումների շրջանակում ԵԽ աշխատակազմի «Ամիկալ» ընկերակցությունը ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությամբ ԵԽ կենտրոնակայանում կազմակերպել էր «Հայաստանի գույները» խորագրով երեկո՝ նվիրված աշխատանքային նոր շրջանի նորամուտին։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ երեկոյի մասնակիցներին ողջույնի խոսք են հղել Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, Ստրասբուրգի քաղաքապետարանի ներկայացուցիչը և «Ամիկալ» ընկերակցության նախագահը։
Դեսպան Պապիկյանը համառոտ անդրադարձ է կատարել ԵԽ-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններին՝ կարևորելով նաև մշակութային միջոցառումների անցկացումը, ինչը հնարավորություն է տալիս անմիջական շփումների միջոցով փոխադարձ ճանաչելի դարձնել ԵԽ անդամ երկրների հարուստ և բազմազան մշակութային ժառանգությունը։
Երեկոյի երաժշտական մասը մեկնարկել է հայկական դուդուկով, որին հետևել են հայկական երգերի կատարումներ։ Միջոցառման ընթացքում անցկացվել է բարեգործական վիճակախաղ, որից ստացված հասույթը տրամադրվելու է ծանր հիվանդություն ունեցող անձանց։










































