Ավստրիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կոալիցիան: Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է 27.1 տոկոս ձայն, իսկ Ժողովրդական կուսակցությունը՝ 23.8 տոկոս: Չնայած հաղթանակին՝ այս ընտրությունները երկու կուսակցությունների համար էլ ամենաանհաջողն էին ողջ պատմության ընթացքում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նախնական հաշվարկներով՝ խորհրդարանի նոր կազմում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը բաժին կընկնի 53 տեղ, իսկ Ժողովրդական կուսակցությանը՝ 46: Ավստրիայի Ազատություն կուսակցությունը, որը 21.4 տոկոս ձայն է հավաքել, կստանա 42 մանդատ: «Կանաչների» կուսակցությունը բարելավել է արդյունքը՝ հավաքելով 11.5 տոկոս ձայն: Կուսակցությունը 22 մանդատ կստանա խորհրդարանի ստորին պալատում:
«Շտրոնախի թիմը» և «Նոր Ավստրիան» հավաքել են 5.8 և 4.8 տոկոս ձայներ և կարող են զբաղեցնել, համապատասխանաբար, 11 և 9 աթոռ:
Ավելի վաղ երկրի նախագահ Հայնց Ֆիշերը հայտարարել էր իշխող կոալիցիային աջակցելու պատրաստակամության մասին: Հաջորդ շաբաթ Ֆիշերը կուսակցությունների առաջնորդների հետ բանակցություններ կսկսի կառավարության ձևավորման շուրջ: Քվեարկության վերջնական արդյունքները հայտնի կդառնան հոկտեմբերի 3-ին:










































