Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնին կողմ է արտահայտվել երկու ինքնուրույն պետությունների՝ իսրայելական պետության և պաղեստինյան պետության ստեղծմանը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Իսրայելի՝ որպես դեմոկրատական պետության բարոյական արժեքների պահպանման միակ ճանապարհը երկու ժողովուրդների համար երկու երկրների ստեղծման գաղափարի ի կատար ածումն է»,- հայտարարել է Պաղեստինի հետ բանակցություններում Իսրայելի պատվիրակությունը ղեկավարող նախարարը ԱՄՆ-ում հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Իսրայել և խաղաղություն բառերը չեն հակասում միմյանց, նրանք պետք է գոյություն ունենան միասին»,- նշել է նա:
Լիվնին հարևան երկրների հետ հարաբերությունները բնութագրել է որպես «կոշտ»՝ հայտնելով, որ Իսրայելի անվտանգության հիմնական սպառնալիքը գալիս է Իրանից և արաբական երկրներում արմատական իսլամիզմից:










































