Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնաբերել է այն մանրէն, որն արդեն մի քանի օր է՝ լարվածության մեջ է պահում ողջ Եվրոպան` կապված սննդից մարդուն անցնող ծանր աղեստամոքսային հիվանդության հետ, որը որոշ դեպքերում հանգեցնում է մահվան: Մասնագետները նշում են, որ սա բացարձակապես նոր միկրոօրգանիզմ է, որին բժշկությունը նախկինում չի հանդիպել:
Այն մուտացիայի ենթարկված նախկինում հայտնի E. Coli մանրէի մի տեսակ է: Այդ է պատճառը, որ այն արագ տարածվում է, իսկ դեղամիջոցները շատ հաճախ որևէ արդյունք չեն տալիս: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այս պահին մուտանտ մանրէի զոհ է դարձել 17 մարդ, ավելի քան հազար մարդ եվրոպական տարբեր երկրներում վարակվել են այդ հիվանդությամբ, որոնցից 470-ի մոտ երիկամների լուրջ խնդիրներ են սկսվել:










































