Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր կարճատև նիստ կայացավ Բավական Խաչատրյանի գործով:
36-ամյա Բավական Խաչատրյանը մեղադրվում է թրաֆիքինգի ու թրաֆիքինգի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Խաչատրյանը գտնվում է կալանքի տակ:
Ըստ մեղադրանքի՝ նա շահագործման նպատակով ՀՀ և ԼՂՀ տարբեր բնակավայրերից հավաքագրել է երիտասարդ կանանց ու կազմակերպել նրանց սեռական շահագործումը մասնավորապես՝ Արաբական Էմիրաթներում:
Այս գործով տուժողները հինգ շատ երիտասարդ կանայք են, որոնցից այսօր դատարան էին ներկայացել չորսը: Հինգերորդն իր բացակայության պատճառի մասին ոչինչ չէր հաղորդել դատարանին:
Տուժողի բացակայությամբ նիստը շարունակելու հարցի քննարկման ժամանակ մեղադրողի խոսքին՝ «Թողնում եմ դատարանի հայեցողությանը»՝ նախագահող դատավորը մեղադրող ու պաշտպանական կողմերին հորդորեց քննարկվող հարցերի վերաբերյալ հստակ կարծիք հայտնել ու ապահովել մրցակցային լիարժեք դատավարության անցկացումը:
Չորս երիտասարդ տուժողները դժվարությամբ էին կողմնորոշվում դատական նիստի ժամանակ, նրանք անգամ դժվարացան անմիջապես տեղեկացնել դատարանին, որ դիմել են «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպությանը, որը օգնել է նրանց՝ փաստաբանական ծառայություն ստանալու հարցում:
ՀԿ-ի աջակցությամբ՝ որպես այս գործով տուժողների ներկայացուցիչ դատարանում պիտի որ հանդես գա Հովիկ Արսենյանը, ով այսօր դատարան չէր եկել, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց:
ՀԿ-ի ներկայացուցչուհին նիստի ավարտից հետո բորբոքված արտահայտություններ արեց՝ դռնբաց նիստին լրագրողների ներկայության վերաբերյալ, ինչը խուճապի մատնեց նաև չորս տուժողներին:
Թրաֆիքինգի գործերի լուսաբանումը, ինչ խոսք, ունի իր առանձնահատկությունները: Տվյալ դեպքում տուժողները մնալու են անանուն ու անհասցե: Նրանք կարող են դեմ լինել տեսա և լուսանկարահանմանը:
Սակայն հենց թրաֆիքինգի գործերը լավ կլինի, որ լիովին փակ ու գաղտնի չքննվեն, այլ ապահովվի որոշակի հրապարակայնություն, որպեսզի հասարակությունն իրազեկված լինի այդ վտանգավոր հանցատեսակի մեխանիզմների, տարածվածության, օրենքի կիրառության և պատժելիության մասին:
Հասարակական ցանկացած կազմակերպություն պիտի որ շահագրգռված լինի, որ տուժողների անձի գաղտնիության պահպանման պայմանով նման գործերը հասարակական հնչեղություն ստանան, ու մարդկանց իրազեկումն ինչ-որ չափով նպաստի հանրային վտանգավորության շատ բարձր աստիճան ունեցող նմանատիպ ծանր հանցագործության կանխարգելմանը:
Հաջորդ դատական նիստը հնարավոր է, որ տուժողների միջնորդությամբ դռնփակ անցկացվի: Դրա վերաբերյալ դեռ պարզ չէ նաև փաստաբան Արսենյանի տեսակետը:










































