ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, համաձայնելով մյուս բանախոսի՝ ՀԱԿ անդամ Սուրեն Աբրահամյանի այն դիտարկմանը, թե ընդդիմության և իշխանության միջև ընթացող գործընթացները խանդ են առաջացնում թե ներքին, թե արտաքին ուժերի մոտ, նշեց.
«Ի՞նչ է, կարծում եք, որ ուժեղ Հայաստան, ինքնիշխան Հայաստան բոլոր ուժերի՞ն է ձեռնտու: Բնական է, որ հանրապետությունում ինչքան ներքին խնդիրները շատ լինեն, այնքան նույն արտաքին ուժերը, որոնց համար ձեռնտու է ներքին խնդիրներով լեցուն Հայաստանը, շատ ավելի հեշտ իրենց շահերին կհասնեն»:
Ինչ վերաբերում է ներքին ուժերի խանդին, Արտակ Դավթյանը նկատեց, որ մեր անցած ամբողջ պատմության ընթացքում ականատես ենք եղել այդ նույն խանդին, և այսօր այն, ինչ կատարվում է քաղաքական նոր մշակույթ ձևավորելու համար, բնական է, որ շատերի մոտ խանդ կառաջացնի:









































