Մոտ հարյուր վրացի լրագրողներ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ Հարավային Օսեթիայի հետ սահմանի երկայնքով փշալարերի տեղադրման: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Գործակալության տվյալներով՝ բողոքի ակցիան տեղի է ունեցել Դվանի գյուղի մոտ՝ Հարավային Օսեթիայի և Վրաստանի վարչական սահմանին: Ակցիայի մասնակիցները դրոշներով և պաստառներով հանրահավաք են անցկացրել ընդդեմ օսեթների և վրացիների բաժանման, ովքեր դարերով միասին են ապրել: Հանրահավաքը կազմակերպվել է Facebook սոցկայքի միջոցով:
«Մենք այստեղ ենք հավաքվել բողոքարկելու Ռուսաստանի վարած քաղաքականությունը Վրաստանի տարածքում: Մենք երբեք չենք հաշտվի մեր հողերի կորստի հետ»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Հարավային Օսեթիայի ՊԱԿ-ի աշխատակիցները տեղի ունեցածը սադրանք են համարել և կոչ են արել չգերագնահատել նման ակցիաների մասշտաբները և նշանակությունը:








































