Այսօր Լենինգրադյան 52 շենքին հարող պուրակում բացվեց 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար կացնահարված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի հուշարձանը:
Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, ով նաև «Գուրգեն «Մարգարյան» հիմնադրամի անդամներից է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ուշացած չէ հուշարձանի բացումը, ասաց. «Գումարն է եղել ձգձգման պատճառ: Ես հանձնաժողովի անդամ եմ, բայց կարող եմ ասել, որ մեր հայ ժողովուրդը շատ լավ է խոսելու մեջ, բայց մինչև այս արձանի համար գումար հավաքվեց, կազմակերպվեց և կյանքի կոչվեց…հանձնախումբն է հավաքել գումարը»,- ասաց նա ՝ հավելելով, որ պետական աջակցություն գրեթե չի եղել:
Հանձնախմբի անդամները, նրա խոսքով, եղել են և՛ բանվոր, և՛ շինարար, և՛ ղեկավար, և՛ ամեն ինչ՝ մինչև կարողացել են ազգային արժանապատվությամբ հակադարձել ադրբեջանական բիրտ ուժին:
«Գուրգեն Մարգարյան» հիմնադրամը ստեղծվել է այն օրը, երբ Գուրգեն Մարգարյանի մարմինը «Եռաբլուրում» հանձնվեց հողին:
Ի դեպ, հուշարձանի բացմանը Հայաստանից որևէ բարձրաստիճան պաշտոնյա չէր մասնակցում, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հուշարձանի բացմանը ներկա էր Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրների դեսպանատների աշխատակիցներ, ովքեր ծաղիկներ դրեցին հուշարձանին:









































