Երիտասարդական խորհրդարանի անդամներն առաջարկում են փոփոխություններ կատարել ՀՀ պետական օրհներգում. «ՀՀ հիմներգի մասին օրենքի փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը հոկտեմբերի 4-ին քննարկման կդրվի երիտասարդական խորհրդարանի լիագումար նիստում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը օրինագծի հեղինակ, ՀՀԿ խմբակցության անդամ Տաթևիկ Խանամյանը նշեց, որ օրհներգում փոփոխությունների մի քանի տարբերակներ կան: Առաջարկվում է հիմնի առաջին տան վերջին տողից հանել «ազատ-անկախ»-ը, փոխարենն ասել «վերածնված»: Խանամյանի խոսքով՝ իր համար նախընտրելի է Պարույր Հայրիկյանի ներկայացրած տարբերակը:
«Նպատակահարմար չէ մեկ քառատողում անընդհատ կրկնել ազատ-անկախը, բացի այդ՝ երկրորդ քառատողը լացակումած է, և մեզ հարիր չէ, որ հնչի այդ տխուր հիմներգը: Օրենքի նախագծով նախատեսվում է այդ քառատողն ընդհանրապես դուրս բերել տեքստից: Հիմներգը պետք է լինի հզոր, խրոխտ, մարտունակ: Երրորդ քառատողը նույն կերպ կմնա, սակայն առաջ կգա՝ դառնալով երկրորդ քառատող»,- ասաց նա:
Ի վերջո, հիմնը կունենա երեք քառատող, կավարտվի բարձր նոտայով և փառահեղ վերջաբան կունենա: Նախագծի հեղինակը կարծում է, որ հոգեբանորեն՝ թեկուզ հիմնի միջոցով, պետք է մեր երկրի վերածնված լինելը վերահաստատել: Օրհներգում նաև մի քանի նոտաների փոփոխություն կլինի` կապված վանկերի տարբերության հետ, սակայն հենքը կմնա նույնը: Խանամյանը նշեց, որ իրենց համար նույնիսկ մի քաղաքացու կարծիքը կարևոր է, ուստի հնարավոր է՝ հանրային քննարկումներ կազմակերպվեն, սակայն կարծում է՝ այն ավելի շուտ պետք է գործնական դաշտ տեղափոխվի:
Երիտասարդական խորհրդարանի անդամներին հիմներգից բացի, մտահոգում են նաև մի շարք այլ հարցեր, օրինակ՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը: Խորհրդարանի նախագահող Նարեկ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց կառույցում գործում է ռոտացիոն ճկուն համակարգ, պարբերաբար փոփոխվում է կազմը, մի շարք հանձնաժողովներ չունեն համապատասխան անդամներ, որ այս հարցով քննարկումներ կազմակերպեն, խորհրդարանն էլ հնարավորություն չունի ամբողջ կազմով քննարկումներ անելու:











































