Հայ հասարակությունը ալեկոծված ու դիլեմայի առջև է կանգնած` Եվրոպա՞, թե Մաքսային միություն, սակայն միանշանակորեն դժվար է ասել` ո՞րն է դրանցից գերադասելի: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
«Տնտեսական քաղաքականության տրամաբանական հեռանկար չկա: Յոթ տոկոսի աճ, այո, տեսնում ենք, սակայն ինչի՞ հաշվին է աճ գրանցվել: Ես տնտեսական կառավարում չեմ տեսնում: Ոչ ոք չի կասկածում, որ Եվրոպան ամեն առումով ավելի առաջավոր է, սակայն պետական պաշտոնյաները պետք է մտածեն նաև պետական անվտանգության մասին: Ռուսական շուկան, իր հերթին, ավելի ձեռնտու է: Մենք ամենանպաստավոր պայմաններում ենք, այն դեպքում, երբ երկրագնդի վրա էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող միակ երկիրն ենք: Մեր բոլոր հարևանները` Իրանը, Թուրքիան, էներգիայի պակաս ունեն և խնդրողի դերում են, իսկ մենք ապաշնորհ կերպով չենք կարողանում օգտագործել մեր առավելությունները»,- ասաց նա:
Արմեն Պողոսյանի խոսքով՝ եվրոպական շուկա մուտք գործելը եթե ոչ անհնար, ապա խիստ բարդ գործ է: «Պատճառն այն է, որ եվրոպական շուկան գերհագեցած է: Իսկ Ռուսաստանի մոտիկությունը, տրանսպորտային հարցերն ավելի հեշտ լուծելի են: Միաժամանակ, եթե մենք չունենք ծովով ելք կամ երկաթգիծ, ինչ ուզում է արտադրենք՝ միևնույն է, արտահանման ծավալները փոքր են մնալու: Տրանսպորտային երթուղիների տեսանկյունից Հայաստանը խեղդված է թշնամական խոչընդոտներով»,- ասաց նա:








































