Ճապոնիայի խորհրդարանն այսօր հրաժարվել է անվստահություն հայտնել երկրի վարչապետ Նաոտո Կանին, որի հրաժարականը պահանջում է երկրի ընդդիմությունը: Այդուհանդերձ, վարչապետը նախօրեին ասել էր, որ գնալու է, սակայն այն բանից հետո, երբ երկիրը դուրս կգա մարտի 11-ի աղետի հետևանքով առաջացած ճգնաժամից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Կանի հրաժարականի պահանջը պաշտպանում էին նաև նրա որոշ կուսակիցներ: Ընդդիմությունը պնդում է, որ Նաոտո Կանն այլևս ուժ չունի վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և նրան հաջորդած ցունամիի հետևանքով ավերվել են մի քանի պրեֆեկտուրաներ, զոհերի թիվն անցել է 15 հազարից, անհայտ կորածների թիվը մոտ 13 հազար է:








































