Իրավապաշտպաններն ահազանգում են. եգիպտական բանակի ու իսլամիստների դիմակայությունից ամենից շատ տուժում են ղպտի քրիստոնյաները: Մուհամմադ Մուրսիի տապալումից հետո «Մուսուլման եղբայրները» մեղադրել են ղպտիներին զինվորականների հետ համագործակցության մեջ, հրդեհել նրանց հարյուրավոր տներ, մի քանի տասնյակ եկեղեցիներ: Արմատական քարոզիչները իսլամիստներին նոր ջարդերի են մղում:
Բանակը, հետապնդելով իսլամիստներին, առանձնապես մտահոգված չէ քրիստոնյա բնակչության պաշտպանությամբ: Արաբական հանրապետության գոյության 60 տարիների ընթացքում ղպտիները պարբերաբար ենթարկվել են արմատական իսլամիստների կողմից հարձակումների: Սակայն վերջին ամսում երկրի 90 միլիոն բնակչության 10 տոկոս կազմող համայնքը ենթարկվել է լրջագույն փորձությունների: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Մուրսիի կարճատև կառավարման սկզբին իսլամիստների ու քրիստոնյաների միջև լարվածությունը նույնիսկ որոշակիորեն նվազել էր: Ընտրություններում հաղթելով՝ նա միանգամից հրամանագիր էր ստորագրել նոր եկեղեցու շինարարության և իր խորհրդականներից մեկի պաշտոնում ղպտի նշանակելու մասին:
Իրավապաշտպան կազմակերպությունների եգիպտական միության տվյալներով՝ վերջին 6 ամիսներին երկիրը լքել են հարյուր հազարավոր քրիստոնյաներ:









































