«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Ռեալ»-ի դեմ առաջիկա դիմակայություններին ընդառաջ կարծիք է հայտնել մրցակցի մասին:
«Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանին մենք ավելի մեծ փորձով ենք մոտենում, ինչը շատ կարևոր է: Անցած մրցաշրջանում մեր խաղացողներից շատերն առաջին անգամ էին վայելում Չեմպիոնների Լիգայի հաճույքը:
Ի դեմս «Ռեալ»-ի մենք դիմակայելու ենք ամենաամբիցիոզ թիմերից մեկին, ով այդպիսին է դարձել իր պատմության, ներդրումների ու ՉԼ 10-րդ գավաթը նվաճելու ձգտման շնորհիվ:
Այդ խաղերը լուրջ մարտահրավեր կլինեն մեզ համար, ինչպես նաև մեր աճը չափելու համար հիանալի առիթ:
Ընդամենը մի քանի տարի է անցել այն օրվանից, երբ Անչելոտին իմ մարզիչն էր: Ես երկու տարի եմ անցկացրել նրա ղեկավարությամբ, ու դրանք հիանալի տարիներ էին, հագեցած տարիներ:
Անհավանական է, որ հիմա մենք նորից հանդիպելու ենք իրար, բայց արդեն մարզիչը մարզչի հետ: Դա նշանակում է, որ Կարլոն ծերանում է: Ես նույնպես (ժպտում է – խմբ)»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:








































