Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» և միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ ներկայացրած 30 տնօրենների հայցի քննությունը:
Երևանի թիվ 64 դպրոցի տնօրեն Երանուհի Հարությունյանը չէր ներկայացել. դատարանում դատավոր Անի Մխիթարյանը հայտարարել է, որ հայցվոր Երանուհի Հարությունյանը հրաժարվել է ներկայացված դիմումից։
Օրեր առաջ մայրաքաղաքի թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանն էլ իր հերթին մամուլում հայտարարել էր, որ որոշել է դիմումը հետ կանչել։
Դատավորը հայտարարեց, որ իր վարույթում գտնվող մյուս տնօրեն-հայցվորները նույնպես հրաժարվել են դիմումներից։
Դանիել իոաննիսյանն իր Facebook-ի էջում գրել է, որ այսօրվա նիստի տնօրենները հերթով հայցերից հրաժարվում են։
Խորհրդարանական ընտրություններից առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, որ հարյուրից ավելի դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ խոստովանել են, որ ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ են կազմել՝ դրանք հանձնելով մարզպետարան, թաղապետարան կամ ընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացրել էր նաև տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։
30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ զրպարտության համար հայցադիմումներ են ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և Դանիել Իոաննիսյանի:
Հայցվորների պահանջն էր՝ հերքել հրապարակված ինֆորմացիան և վճարել 2 միլիոն դրամի չափով բարոյական վնասի փոխհատուցում՝ ընդհանուր 65 մլն դրամ (ներառյալ դատական ծախսերը)։
Լուսանկարը ՝ news.am-ի












































