Սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզամշակութային խաղերին մասնակցեց նաև Հայաստանը: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, ի թիվս այլ առաքելությունների, շեշտը դնում է լեզվի խթանման, զարգացման վրա:
«Մենք՝ որպես այս անգամ Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի կազմակերպիչ երկիր, բնականաբար՝ շատ էինք ցանկանում, որ Հայաստանի պատվիրակությունը հավուր պատշաճի մասնակցի»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ Հայաստանի պատվիրակությունը բաղկացած էր 47 հոգուց, որոնցից 34-ը մարզական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ էին:
Դեսպանը հատուկ ընդգծեց այն իրողությունը, որ Հայաստանը այս խաղերին մասնակցում է երկրորդ անգամ, ավելին՝ այս տարի հայաստանյան պատվիրակությունը իր ակտիվում գրանցել է ոսկե մեդալ:
Ի դեպ, այս միջոցառմանը մասնակցում են աշխարհի 5 մայրցամաքի 54 երկրների պատվիրակներ:
Հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի գլխավորությամբ, մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խաղերի բացմանը:
Յուրի Վարդանյանի խոսքով՝ Հայաստանը մասնակցել է յոթ սպորտաձևերից հինգում: Նա նշեց, որ Հայաստանն ըմբշամարտից բերել է երեք ոսկե մեդալ, ձյուդոյից՝ երկու բրոնզե, ատլետիկայում զբաղեցրել ենք 4-րդ և 5-րդ տեղերը, սեղանի թենիսից և հեծանվավազքից որևէ մեդալ չենք ունեցել:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էլ հավելեց, որ բացի սպորտային բաղադրիչից՝ կա նաև մշակութային բաղադրիչ: Մշակույթի ոլորտում Հայաստանը ներկայացրել է գրականություն՝ Շուշանիկ Թամրազյանին, ով հինգ օր շարունակ ֆրանսերեն լեզվով նովելներ է ընթերցել և արժանացել հանդիսատեսի հատուկ ուշադրությանը: Իսկ լուսանկարիչ Փիրուզա Խալափյանն արժանացել է հատուկ մրցանակի: Սա, ըստ Արև Սամուելյանի, բավական լուրջ արդյունք է, քանի որ մասնակցում էր 25 երկիր, և կային որոշակի սահմանափակումներ: Հայաստանից մասնակցել են նաև քանդակագործ Մելիք-Շահնազարյանը և նկարիչ Աշոտ Գրիգորյանը, որոնք, ցավոք, որևէ մրցանակ չեն ստացել:







































