Saturday, 20 06 2026
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին

Արմավիրցի Հովսեփը վատ երազ է տեսել, առևանգել է հարևանի 6-ամյա թոռանը, 1,5 տարի անց խեղդել նրա պապին

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Հովսեփ Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը։

Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ։

Մեղադրական դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել ամբաստանյալ Հովսեփ Սարգսյանի շահերի պաշտպանները՝ Գարիկ Մալխասյանն ու Գիվի Հովհսննիսյանը, ինչպես նաև գործով մեղադրող դատախազ Մ. Շահգալդյանը։

Վերաքննիչ դատարանի նիստին ներկա չէր մեղադրող դատախազ Մնացական Շահգալդյանը։ Դատարանի կարգադրիչը տեղեկացրեց, որ դատախազ Շահգալդյանը դատարանի շենք մտել է, սակայն չի ցանկացել կարգադրիչի կողմից զննության ենթարկվել ու հեռացել է։

Փաստորեն, այս անգամ «զննության» դեմ ընդվզել էին ոչ թե փաստաբանները, այլ՝ դատախազը, ով նախընտրել էր չներկայանալ դատական նիստին։

Նախագահող դատավոր Ռուզաննա Բարսեղյանը հարցը քննարկման դրեց՝ հնարավո՞ր է բողոքի քննությունը սկսել դատախազի բացակայությամբ։ Փաստաբաններ Գարիկ Մալխասյանն ու Գիվի Հովհաննիսյանը այն կարծիքը հայտնեցին, որ դատախազի արածը «արհամարհանք է դատավարության մասնակիցների նկատմամբ… Դատախազը պարտավոր էր կարգուկանոնին ենթարկվել… Մարդիկ իրենց գործն են անում… Պետք է նիստը շարունակել, մեր պաշտպանյալը կալանքի տակ է…»։

Տուժողի իրավահաջորդն ու անչափահաս տուժողի օրինական ներկայացուցիչը ցանկություն հայտնեցին, որ նիստը կայացվի դատախազի մասնակցությամբ։

Դատարանը որոշեց նիստը շարունակել դատախազի բացակայությամբ, քանի որ գործը քննվում է վճռաբեկության կարգով, դատախազն ինքը չի կամեցել ներկա գտնվել նիստին։

Նախագահողը ներկայացրեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտն ու դրա դեմ պաշտպանական կողմի և մեղադրողի ներկայացրած վերաքննիչ բողոքների պահանջները։

Ըստ դատական ակտի՝ 44-ամյա Հովսեփ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել հարևանի երեխայի առևանգման, այդ երեխայի պապիկի նկատմամբ սպանության փորձ կատարելու, նույն պապիկին՝ Էդվարդ Մ.-ին, դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին և 104 հոդվածի 1-ին մասերով:

Դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության եզրակացությամբ՝ Հովսեփ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, միաժամանակ հաստատվել է նրա մոտ հոգեկան-մտավոր առողջության որոշակի խնդրի առկայությունը:

Ըստ դատական ակտի՝  2013 թվականի հոկտեմբերին Հովսեփը երազում տեսել է, որ հարևան Էդվարդի 6-ամյա թոռնուհին՝ 2007 թվականի օգոստոսին ծնված Վարսիկը, քարով հարվածել է իր շանը:

Գործով չպարզված օրը, ժամը 17-ի սահմաններում Հովսեփը Վարսիկին «դաստիարակելու» նպատակով գնացել է մանկապարտեզ, խաղահրապարակում խաղացող երեխայի կամքին հակառակ՝ թևից քաշելով, տարել է մանկապարտեզին հարակից հիվանդանոցի նկուղ և այնտեղ պահել է 5-10 րոպե:

Երեխայի տատիկը, որ աշխատում էր մանկապարտեզում, նկատելով երեխայի բացակայությունը, դաստիարակչուհու հետ փնտրել է թոռնուհուն, և իմացել է, որ ինչ-որ տղամարդ Վարսիկի ձեռքից քաշելով՝ տարել  է հիվանդանոցի նկուղ:

Գնացել են այնտեղ ու տեսել են, որ Հովսեփ Սարգսյանը երեխայի ձեռքից բռնած՝ կանգնած է նկուղում:

Երեխան տատիկին ու դաստիարակչուհուն  տեսնելով՝ սկսել է լաց լինել: Դաստիարակչուհին երեխային դուրս է բերել նկուղից, իսկ տատիկը բարկացել է Հովսեփի վրա: Վերջինս արագ հեռացել է նկուղից:

Երեխան պատմել է, որ Հովսեփն իրեն քաշելով տարել է նկուղ ու մի քանի անգամ ապտակել է՝ իբր շանը քարով հարվածելու համար:

Երբ Հովսեփին հարցրել են, թե ինչո՞ւ է երեխային տարել նկուղ ու ապտակել, Հովսեփը պատասխանել է, թե տարել է «դաստիարակելու»՝ որ նա այլևս իր շանը քարով չխփի:

Երեխայի տատիկը ոչ մեկին չի հայտնել տեղի ունեցածի մասին:

Սակայն Հովսեփ Սարգսյանը, ըստ դատական ակտի, շարունակել է հետևել փոքրիկ Վարսիկին: Երեխայի ընտանիքի անդամները նկատել են դա: Լարվածություն է առաջացել հարևան ընտանիքների միջև:

Երեխայի հայրը մի քանի անգամ փորձել է Հովսեփի հետ խոսել, խնդրել է, որ նա հեռու մնա իր ընտանիքից, բայց տեսնելով, որ Հովսեփը շարունակում է նույն վարքագիծը, 2014 թվականի փետրվարի 7-ին դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովսեփ Սարգսյանն իր ընտանիքին չանհանգստացնի:

Ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվել, Հովսեփ Սարգսյանն ուղարկվել է Ավանի հոգեկան առողջության կենտրոն, այնտեղ պահվել է մեկ շաբաթ ու դուրս է գրվել հոգեկան խնդիր ունենալու վերաբերյալ ախտորոշմամբ:

Հովսեփ Սարգսյանը, ըստ դատակա ակտի, դրանից հետո ավելի է լարվել հարևանի ընտանիքի դեմ:

Դատական ակտի համաձայն՝ վրեժի շարժառիթով Սարգսյանը 2014 թվականի սեպտեմբերին խաղողի այգում փորձել է սպանել երեխայի պապիկին՝ Էդվարդ Մ.-ին: Հովսեփը ռետինե խողովակը փաթաթել է նրա պարանոցին, սեղմել ու փորձել է խեղդամահ անել, սակայն համագյուղացի Վաղարշակը, աղմուկ լսելով, մոտեցել է: Նրան տեսնելով՝ Հովսեփը հանցագործությունն ավարտին չի հասցրել, հեռացել է:

Էդվարդի որդիները, ցանկանալով հարթել անհաշտությունը Հովսեփի հետ, 2015  թվականի հունվարին գնացել են նրա տուն, առաջարկել են հաշտվել:

Ըստ դատական ակտի՝ Հովսեփն առերևույթ է ընդունել հաշտության առաջարկը, բայց իրականում չի հրաժարվել այդ ընտանիքից վրեժ լուծելու, Էդվարդ Մ.-ին սպանելու մտքից:

2015 թվականի ապրիլի 28 -ին, իբր՝ հաշտվելու նպատակով, Հովսեփն առաջարկել է Էդվարդին, որ հանդիպեն, իրար հետ մի կտոր հաց ուտեն:

Նախապես նա գնել է ուտելիք և օղի:

Ժամը 11-ի սահմաններում Էդվարդ Մ.-ն դուրս է եկել տանից՝ հորթերն արածեցնելու: Նա դուրս է եկել գյուղից, հասել է Նորապատ-Հայկավան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող իր այգու տարածք:

Սալորենու մոտ հանդիպել է Հովսեփին, ով օղի և ուտելիք է հյուրասիրել:

Հովսեփը, ըստ դատական ակտի, Էդվարդին հասցրել է ալկոհոլային հարբածության վիճակի, դրանով նրան զրկել է դիմադրելու հնարավորությունից, ապա նրա պարանոցը սեղմելով՝ խեղդամահ է արել: Մարմինը թողել է ծառի տակ՝ ծածկելով պիջակով ու տպավորություն ստեղծելով, թե մարդը քնած է: Հովսեփը հավաքել է ուտելիքի մնացորդները, շիշը, բաժակները ու հեռացել է…

Առաջադրված մեղադրանքներում Հովսեփ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, որ հարևանի երեխային մանկապարտեզի խաղահրապարակում տեսել, քաղցրավենիք է հյուրասիրել ու զգուշացրել է, որ իր շանը քարով չխփի: Նրան չի առևանգել, նկուղում չի պահել:

Ոչ մի անգամ չի փորձել սպանել Էդվարդ Մ.-ին, ինչպես նաև նրան չի սպանել: Դեպքից մի քանի ամիս առաջ ինքը հաշտվել էր Էդվարդի ընտանիքի հետ: Էդվարդն իրենից պահանջել է, որ այդ առիթով հյուրասիրի իրեն: Ինքը Արմավիրից ուտելիք ու կիտրոնի օղի է գնել՝ տափակ շշով:

2015 թվականի ապրիլի 28-ի առավոտյան փողոցում հանդիպել է Էդվարդին, պայմանավորվել են հանդիպել դաշտում՝ վերջինիս այգու մոտ:

Ինքը նախապես գնած ուտելիքն ու օղին վերցրել, գնացել է պայմանավորված վայր: Էդվարդը սկզբում բարկացել է իր վրա, նույնիսկ փորձել է ձեռնափայտով հարվածել, ինքը թույլ չի տվել:

Նստել են ծառի տակ: Ինքը հյուրասիրել է: Խմել է միայն Էդվարդը, ինքը չի խմել:

Մի քանի բաժակ օղի խմելուց հետո Էդվարդը սկսել է խռխռացնել ու խեղդվել: Ինքը նրան ձախ կողքի վրա պառկեցրել է ծառի տակ, գլխարկը դրել է գլխին, բաճկոնը գցել է վրան: Էդվարդն իրեն ասել է, որ մարդու չասի, պահանջել է, որ ինքն էլ հեռանա:

Իր հեռանալու ժամանակ Էդվարդը ողջ էր, նա ձեռքի շարժումով իրեն ասել է, որ հեռանա:

Հովսեփ Սարգսյանը պնդել է, թե ինքը Էդվարդին չի սպանել: Հեռանալուց առաջ հավաքել է ուտելիքի մնացորդները, շշերն ու բաժակները, տոպրակով նետել է Նորապատ գյուղից եկող ջրատարի մեջ, որում այդ պահին ջուր չկար: Տոպրակը հետագայում այնտեղ հայտնաբերվել է…

Դատարանում Հովսեփ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:

Անչափահաս երեխան հարցաքննվել ու պնդել է, որ հարևան Հովսեփն իր ձեռքից քաշելով մանկապարտեզի ճոճանակի մոտից իրեն տարել է նկուղ, մի քանի անգամ ապտակել է, ասելով՝ ինչո՞ւ ես քարով խփել իմ շանը:

Երեխան ասել է, թե շատ է վախեցել, ցանկացել է դուրս գալ նկուղից, Հովսեփը չի թողել՝ նա բռնել է իր ձեռքից: Հետո նկուղ են եկել տատիկն ու մանկապարտեզի դաստիարակչուհին, նրանք իրեն դուրս են բերել նկուղից:

Երեխայի տատիկը պատմել է, թե ինչպես է հիվանդանոցի նկուղում գտել վախեցած թոռնուհուն. երեք օր երեխայի լեզուն վախից «բռնվել էր, նա չէր խոսում: Երբ սկսել է խոսել, ասել է. «Շանս խփել ես երազիս մեջ…»:

Վկա տատիկն ասել է. «Անմեղ մարդը մտել է հողի տակ»՝ նկատի ունենալով իր սպանված ամուսնուն: Նա պնդել է, որ Հովսեփն է սպանել ամուսնուն… Իրենք երեք տարի ահով-դողով են ապրել, Հովսեփը հետևում էր երեխային, հետապնդում էր իրենց, ամուսնուն սկզբում փորձել է սպանել և կսպաներ, եթե համագյուղացին վրա չհասներ…

Դեպքի օրը, երբ ամուսինը դաշտից չի վերադարձել, իր որդիները, ամբողջ գյուղը փնտրել են նրան, չեն գտել:

Հաջորդ օրն են գտել՝ ծառի տակ պառկած, իբր՝ քնած է, բայց նա խեղդված էր, գլուխը՝ ջարդված… Բժիշկը նայել ու ասել է, որ «ինֆարկտ չի», Էդվարդը սպանված է… Ամուսինը խմող չի եղել: Թե ինչու է Հովսեփը նման բան արել, ինքը չգիտի, երևի՝ «ոխ է պահել երեխայի պահով»… Հովսեփն իր որդուն չէր կարող սպանել, նրանից վախենում էր, դրա համար ամուսնուն է սպանել…

Տուժողի իրավահաջորդը պահանջել է, որ Հովսեփ Սարգսյանը պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Նա ներկայացրել է 2 միլիոն 200 հազար դրամ քաղհայցի պահանջ:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել Հովսեփ Սարգսյանին առաջադրված բոլոր մեղադրանքները և վերջին հաշվով նրան դատապարտել է 11 տարի  ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի ապրիլի 30-ից:

Պատիժը կրելու ընթացքում Հովսեփ Սարգսյանի նկատմամբ նյարդահոգեբույժի հսկողություն կսահմանվի:

Տուժողի իրավահաջորդի ներկայացրած քաղհայցի պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ 1 միլիոն 500 հազար դրամի չափով, որը կբռնագանձվի Հովսեփ Սարգսյանից՝ որպես սպանված տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում:

Այս դատավճռի դեմ ամբաստանյալի շահերի պաշտպանները վերաքննիչ բողոք են բերել՝ պահանջելով բեկանել այն, իրենց պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ։ Մեղադրող դատախազն իր բողոքով պահանջել է պատժի մասով փոփոխել դատավճիռը, խստացնել Հովսեփ Սարգսյանի պատիժը՝ նրան վերջին հաշվով դատապարտելով ոչ թե 11, այլ 15 տարի ազատազրկման։

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Գարիկ Մալխասյանը ներկայացնելով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը, ասաց, որ Հովսեփ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները «ապօրինի ու շինծու» են։ Իսկ ընդհանուր իրավասության դատարանը օբյեկտիվորեն չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները ու անհիմն կերպով կայացրել է մեղադրական դատական ակտ։

Պաշտպանը Հովսեփ Սարգսյանին առաջադրված մեղադրանքերը սկսեց հերքել մեկ առ մեկ։

Նախ անդարադարձավ երեխայի առևանգման մեղադրանքին։ Պաշտպանը նշեց, որ այս մեղադրանքը հիմնված է անչափահաս երեխայի, նրա տատիկի ցուցմունքների վրա, երեխայի ընտանիքի «միակ նպատակը ամեն կերպ Սարգսյանին մեղադրելն էր, նրա մեղադրանքը ծանրացնելը»։

Պաշտպանը նշեց, որ դատարանը չի անդրադարձել այդ դրվագով միակ անկողմնակալ վկայի՝ մանկապարտեզի դաստիարակչուհու ներկայացրած բոլոր հանգամանքներին։ Այդ վկան ասել է, որ նկուղը դուռ չուներ, երեխան իրենց մոտենալու պահին Սարգսյանի հետ հանգիստ կանգնած էր նկուղի մուտքի մոտ, իսկ հաջորդ օրը երեխան մանկապարտեզ  է գնացել նորմալ վիճակով։

Պաշտպանը նշեց, որ Հովսեփ Սարգսյանը երեխային չի առևանգել, նա, որպես հարևան, կանչել է երեխային, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել, քաղցր ձողիկ է հյուրասիրել ու երեխայի հետ մի քիչ «քայլել է»։

Պաշտպանը միաժամանակ նշեց, որ Հովսեփ Սարգսյանը, ունենալով հոգեկան-մտավոր խնդիրներ, կատարել է ոչ ադեկվատ գործողություններ, բայց չի առևանգել երեխային, այդ արարքը հանրային վտանգավորություն չի ներկայացրել ու չի կարող հանցագործություն համարվել։

Փաստաբան Գ. Մալխասյանը նշեց նաև, որ երեխայի հայրը 2014 թվականի փետրվարի 7-ին, երբ ոստիկանություն էր դիմել՝ Հովսեփ Սարգսյանի կողմից իր ընտանիքին անհանգստացնելու վերաբերյալ դիմումով, նշել էր Սարգսյանի կողմից երեխային «մի խուլ տեղ տանելու», «Ինչի՞ ես շանը քարով խփել» հարցը տալու վերաբերյալ։

Դիմումի հետ կապված՝ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, և իրավական դիրքորոշում է հայտնվել, որ հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել…

Այս դրվագի վերաբերյալ վերաքննիչ դատարանի հարցերին պատասխանեց նաև ամբաստանյալ Հովսեփ Սարգսյանը։ Նա ասաց, թե երեխային նկուղ չի տարել, միայն կանչել է, հետո էլ ասել է. «Հոպարն ա, մի վախեցի»։ «Հոպար» ասելով՝ նկատի է ունեցել իրեն… Ամբաստանյալն ասաց, թե երեխայի ընտանիքը զրպարտում է իրեն, ինքը երեխային չի առևանգել…

Այնուհետև փաստաբանն անցավ սպանության փորձի դրվագով առաջադրված մեղադրանքին։ Այս մեղադրանքի հիմքում դրված է վկա Վաղարշակի ցուցմունքը, ով նախաքննական առաջին ցուցմունքում չի ասել, թե տեսել է, որ Հովսեփը Էդվարդի նկատմամբ բռնություն է գործադրել։ Միայն երկրորդ ցուցմունքի վերջում, պատասխանելով քննիչի հարցին, վկան ասել է, թե տեսել է, որ Հովսեփը «շլանգով» փորձել է խեղդել Էդվարդին, ինքը նրան քարերով խփել է, ու նա դիմել է փախուստի։

Վկան հիմնականում ասել է, թե իր տպավորությամբ՝ Հովսեփը ցանկանում էր «վնասել» Էդվարդին, «սպանելու» մասին ոչինչ չի ասել։

Առերես հարցաքննության ժամանակ վկան ասել է, թե Հովսեփի ձեռքին տեսել է «սև շլանգ», երբ բարկացել է Հովսեփի վրա, նա «վրա է քշել իրեն»։ Ինքը Հովսեփի գնալուց հետո Էդվարդին ասել է, թե մաղարիչ ունի իրեն անելու, եթե ինքը չլիներ, Հովսեփը կարող էր նրան վնասել։ Վկան նշել է, Հովսեփի ու Էդվարդի ընտանիքի միջև երկար ժամանակ է՝ «լարվածություն կա»։

Դատարանում վկան ասել է, թե ինքը ծեր մարդ է, աչքի «ապերացիա» է տարել, լավ չի տեսնում, լավ չի լսում, կարդալ չի կարողանում, այնպես որ իր նախաքննական ցուցմունքները չի կարդացել։ Ինքը Հովսեփից վատ բան չի տեսել։ Վկան ասել է. «Քոռ եմ, հո զոռով չի՞»։ Նա ասել է, թե իրեն քննիչն է թելադրել «տառ առ տառ», ինքը սպանության փորձի ականատես չի եղել…

Փաստաբան Գ. Մալխասյանը նշեց, որ Հովսեփին քարերով հարվածելու միտքը վկայինը չի եղել, այն քննիչն է նրան թելադրել։ Իսկ ընդհանուր իրավասության դատարանում նախագահողը ուշադիր չի ուսումնասիրել գործի նյութերը, «արտագրել է մեղադրական եզրակացությունից»՝ ակնհայտ դարձնելով դատարանի՝ մեղադրական ուղղվածությունը։

Դատարանը վկայի «քոռ» լինելու վերաբերյալ ճշգրտող հարց տվեց՝ նաև հետազոտելով նախաքննական ցուցմունքների տակ վկայի ձեռքով ուղիղ գծով արված հավելագրումը, որ ցուցմունքը գրված է իր բառերից, ինքը կարդացել է, ամեն բան ճիշտ է։ Եթե անձը չէր տեսնում, ինչպե՞ս է ուղիղ տողով գրել թեկուզ՝ քննիչի կողմից թելադրվածը։

Փաստաբանն ասաց, որ խոսք է գնում ոչ թե վկայի կուրության, այլ այն մասին, որ վկան չի կարողացել կարդալ արձանագրված ցուցմունքը…

Հովսեփ Սարգսյանին առաջադրված ամենածանր մեղադրանքին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքին փաստաբանները կանդրադառնան հաջորդ դատական նիստի ժամանակ՝ օգոստոսի 16-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում