Օրենսդրական բարեփոխումների դիմում են բոլոր երկրները. այս առումով Հայաստանը բացառություն չէ: Սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլիոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը նշեց, որ բարեփոխման սկզբունքները երեքն են` տնտեսական անկախություն, որպեսզի նոր բիզնեսն ազատ կերպով գործունեություն ծավալի շուկայում:
Պետության հետ հարաբերություններում քաղաքացին պետք է հարգանքի արժանանա: Յակոբսը մասնավորեցրեց. հարգանք ասելով` նկատի ունի, որ գործընթացը հարմարավետ պիտի լինի ոչ թե պետական մարմինների, այլ քաղաքացու համար: «Պետական մարմինը քաղաքացուց պահանջում է փաստաթուղթ, որը տրամադրող մարմինը նույն շենքում է: Պետք է այնպես կազմակերպել գործընթացը, որ փաստաթղթաշրջանառությունն իրենց մեջ կատարվի, քաղաքացին վազքի մեջ չլինի:
Երրորդ սկզբունքը թափանցիկությունն է. բոլոր գործընթացները պետք է լինեն խիստ հստակ և թափանցիկ բոլորի համար: Բարեփոխումների գործընթացով բոլոր ոլորտները դիտարկվում են, և բարելավվում է օրենսդրությունը»,- ասաց նա` նկատելով, որ տնտեսական ազատության չափանիշներին չհամապատասխանող բոլոր իրավական ակտերը կվերանայվեն:
Բարեփոխումների արդյունքում, ըստ Յակոբսի, կունենանք արագ գործընթացներ, ավելի քիչ փաստաթղթաշրջանառություն, ծախսերը կկրճատվեն, մարդկանց իրավունքները կպաշտպանվեն ավելի հստակ գործընթացների միջոցով, կունենանք ավելի շատ աշխատատեղեր և ավելի մեծ ներդրումներ Հայաստանում:
Բանախոսի հավաստմամբ` բարեփոխումների արդյունքում Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում մրցակցությունը արդեն իսկ մեծացել է: Փորձագետի համար դեռևս մտահոգիչ է նպաստների տրամադրման գործընթացի անհարմարավետությունը. նախարարությունից բավական հեռու ապրող քաղաքացիները պարտավոր են հասնել այնտեղ` դիմում լրացնելու համար, մինչդեռ ավելի լավ կլիներ օնլայն դիմում լրացնելու հնարավորություն ունենային: Յակոբսի խոսքով` հազարավոր ժամեր են ծախսում այդ գործընթացի վրա. սա ժամանակի անասելի մեծ կորուստ է, իսկ ժամանակը գումար է: Օնլայն դիմումի հնարավորությունը միայն մի միջոց է, սակայն անհրաժեշտ է նաև հնարավորինս կրճատել փաստաթղթերի քանակը:
Բանախոսն անդրադարձավ նաև Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը` դա համարելով կարևոր քայլ: «Մաքսային ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ միջազգային մի շարք ստանդարտներ պետք է համապատասխանեն գործընթացին: ՄՄ անդամները բոլորը ստորագրել են միջազգային փաստաթղթեր, մաս են հանդիսանում այդ պահանջների և պարտավորությունների: Կան մաքսային ոլորտի գործունեության լավ և վատ օրինակներ, Հայաստանը պետք է որդեգրի լավ օրինակը»,- ասաց նա: Յակոբսը, սակայն, դժվարացավ գնահատական տալ ՄՄ անդամակցության որոշմանը` նշելով, որ բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռ պետք է հստակեցնել, ՄՄ հետ կապված բազմաթիվ մանրամասներ դեռ հստակ չեն: «Ես վստահ եմ, որ ՀՀ կառավարությունն ավելի շատ ինֆորմացիա ունի, քան ես, և հենց այդ պատճառով է տվյալ որոշումն ընդունել»,- ասաց նա:
Սքոթ Յակոբսը Հայաստանում իրականացվող կարգավորիչ բարեփոխումների գիլիոտին ծրագրի միջազգային փորձագետ է: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն արդեն կառավարությանը բարեփոխումների առաջարկներ է ներկայացրել հանրային ծառայությունների (գազ, ջուր, էլեկտրաէներգիա, հեռահաղորդակցություն), տրասնպորտի (մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ, կանոնավոր ուղևորափոխադրումներ, բեռնափոխադրումներ) և առողջապահության (դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորում, բուժօգնություն և սպասարկում) ոլորտներում, ինչի արդյունքում կրճատվել են քաղաքացուց և բիզնեսից՝ պետության հետ հարաբերվելու համար պահանջվող ժամանակը և գումարները: Այժմ Սքոթ Յակոբսի խորհրդատվությամբ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնում իրականացվում է ծախսերի գնահատում՝ գիլիոտինի գործունեությունը թվերով տեսանելի դարձնելու նպատակով:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն իր բարեփոխումներն իրականացնում է կարգավորող 32 մարմինների՝ նախարարությունների, այլ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ: Բարեփոխումների առաջարկները ներկայացվում են ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Բարեփոխումների խորհրդին, որտեղ հավանության արժանանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են կառավարության քննարկմանը:







































