Գերմանիայի արևելյան Կեմնից քաղաքում գտնվող փախստականների ճամբարի բնակիչների միջև վեճ է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 21 մարդ: Այս մասին հայտնում է Spiegel-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի տարբեր ազգությունների էմիգրանտների միջև՝ փախստականների առաջնային տեղավորման կենտրոնում: 21 տուժածից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Նրանց հոսպիտալացնելու անհրաժեշտություն է առաջացել:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել ճամբարի տարածքում մարմնական վնասնածքներ և այրվածքներ պատճառելու մի քանի դեպքով: Հատուկ ստորաբաժանումը խուզարկել է ճամբարը՝ զենքի և այլ վտանգավոր իրերի հայտնաբերման նպատակով:
ԵՄ երկրներ ժամանող սիրիացի փախստականների ճնշող մեծամասնությունը հաստատվում են Գերմանիայում և Շվեդիայում: Սեպտեմբերի կեսերին Գերմանիան սկսել է ինքնուրույն դուրս բերել սիրիացի փախստականներին հակամարտության ճիրաններում հայտնված տարածաշրջանից. Գերանիայի իշխանությունները մտադիր են Սիրիայից տարհանել 5000 սիրիացու:
ԵՄ պաշտոնական տվյալներով՝ եվրոպական բլոկի երկրներում 2012-ին ապաստան է խնդրել 24 հազար սիրիացի փախստական: Այս տարի գրանցվել է նրանց թվի աճի միտում, սակայն դա դեռ չափավոր է: Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր 50 հազար սիրիացիներ ապաստան են ստացել ԵՄ երկրներում:











































