Մի քանի օր է՝ Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը քննում է փաստաբան Տիգրան Եգորյանի վերաբերյալ կարգապահական վարույթը: Վարույթը հարուցվել է Հաց բերող Արթուր Սարգսյանի գործի վերաբերյալ: Կարգապահական վարույթը հարուցվել է այն հիմքով, որ Եգորյանը այդպես էլ դատարանին տեղյակ չի պահել, որ Արթուր Սարգսյանը տառապում է կալանքի հետ անհամատեղելի հիվանդությամբ: Պալատին այդ հայցով դիմել է «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի ներկայացուցիչ՝ Արյուսակ Հայրապետյանը:
Տիգրան Եգորյանի դեմ վարույթը մեծ արձագանք է գտել փաստաբանների շրջանում: Այս օրերին կարծիքներ են հնչում, որ վարույթը միակողմանի է, նախապես «պատվիրված և պլանավորված»: Անգամ վարույթի ընթացքը, կարգապահական հանձնաժողովի անդամների հարցերը խոսում են դրա մասին:
«Դիտում եմ Տիգրան Եգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Փաստաբանների պալատի խորհրդի նիստը, և իմ մեջ երկու հարց է ծագել (առնվազն).
1. փաստաբանը պաշտպանյալի հիվանդության վերաբերյալ հարցը բարձրացրել է վերջինիս կալանքի հարցը քննարկող 3 դատական ատյաններում, հիմա ի՞նչ եք քննում… պարզելու եք, թե մոտակա ԲՇՏ էլ տարել է այդ թղթերը, թե ո՞չ…
2. Ովքե՞ր են այս կինոյի (ֆիլմի չի ձգում) սցենարի հեղինակը, ռեժիսորը և հատկապես երկրորդ պլանի «ԴԵռԱՍԱՆՆԵՐԸ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Տ. Եգորյանի նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացվել Անի Կաղինյանին հրավիրելու որպես վկա խորհրդի նիստին։ Միջնորդությունը ակնհայտ խուճապ առաջացրեց դիմողի մոտ, ով սկսեց պարզապես ասել, որ դեմ է …
մեկ էլ…
Խորհրդի անդամ Հարություն Հարությունյանի հարցը դիմողին – Ձեր և Անի Կաղինյանի մեջ անձնական խնդիրներ կա՞ն…
Հարց բոլորին. խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը ինչ որ բանե՞ր գիտի, որ չպիտի իմանար որպես խորհրդի անդամ…
Գոնե ջահել ժամանակ մաֆիա խաղացած լինեիք, կհասկանայիք, որ չի կարելի բացահայտ սև խաղալ, տիկնայք և պարոնայք…»,- կրկին գրել է Վարոսյանը:
«Ինձ մի բան շատ հետաքրքիր է. այս սցենարը մտածողի խելքին ինչ է բրթել, որ Վահե-Լուսինե-Տիգրան փաստաբանների հետ один-один է մտել»,- գրել է օգտատեր Արփի Մախսուդյանը:
«Առաջին լրատվական»-ը խորհրդի նախագահ Կարեն Մեժլումյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով՝ ի՞նչն է պատճառը, որ կարգապահական հանձնաժողովի գործունեությունը, վարույթի քննարկումը կասկածի տակ են հայտնվել:
– Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ վարույթի վերաբերյալ, քանի որ ես եմ նիստը նախագահողը: Հիմա ինչ էլ ասեմ՝ կարող է կողմնակալ թվալ: Միայն կարող եմ ասել, որ խորհուրդը օբյեկտիվ է լինելու, ինչպես և միշտ:
– Եթե խորհուդը օբյեկտիվ է, ինչո՞ւ է Ձեր գործընկեր փաստաբանների մոտ հակառակ տպավորությունը ստեղծվել:
– Բացառվում է, նման բան չկա: Եթե մարդը օբյեկտիվ աչքով նայի, կանխակալ տրամադրվածություն չունենա, ապա որևէ մեկը որևէ կողմնակալություն չի տեսնի: Որևէ մեկը չի կարող մատնանշել մի դրվագ, որտեղ խորհուրդը կողմնակալ է եղել:
– Այսինքն՝ ձեր գործընկեր փաստաբաննե՞րն են կողմնակալ, կողմնակալ աչքո՞վ են նայում:
– Ճշտն ասած, ես ոչ մեկի կարծիքին ծանոթ չեմ, սոցցանցերում ոչինչ չեմ կարդացել, ժամանակ չունեմ դրա համար, բայց նորից եմ կրկնում՝ եթե անաչառ աչքով նայվի, ապա ոչ մի կողմնակալություն ոչ մեկի կողմից չի նկատվի:
– Պարոն Մեժլումյան, ուզում եք ասել, որ Պալատը, Պալատի խորհուրդը որևէ ընդգծված վերաբերմունք չունի՞ Տիգրան Եգորյանի, Լուսինե Սահակյանի, Երվանդ Վարոսյանի և այդ խմբից մի քանի այլ փաստաբանների նկատմամբ:
– Ոչ մի ընդգծված վերաբերմունք: Միանշանակ բոլոր փաստաբանները հավասար են մեզ համար: Երբ որ մենք սկսում ենք քննել որևէ վարույթ, էլ չենք նայում, թե ով է: Չնայած նայում ենք, հաշվի ենք առնում, թե ով է, և փորձում ենք հնարավորինս օբյեկտիվ լինել, բայց ոչ մեկին առանձնահատուկ վերաբերմունքի չենք արժանացնում՝ դրական կամ բացասական իմաստով: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է օբյեկտիվ լինել, և մինչ օրս առիթ չենք տվել, որ կողմնակալության մասին խոսվի: Կարծիքներ կարող են արտահայտվել, բայց դրանք օբյեկտիվ հիմք չունեն:








































