«007 գործակալի»՝ Ջեյմս Բոնդի մասին նոր գիրքը, որի հեղինակը շոտլանդացի գրող Ուիլյամ Բոյդն է, այսօր Մեծ Բրիտանիայում հայտնվել է վաճառքում: Վեպը ստացել է «Սոլո» անվանումը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Լոնդոնում տեղի ունեցած գրքի շնորհանդեսի ժամանակ Բոյդն ասել է, որ վստահ չէ, թե նոր վեպի հիման վրա ֆիլմ կնկարահանվի, քանի որ գրքում գործողությունները ծավալվում են 1969-ին:
«Նոր գրքում իրադարձություններն այնպես են դասավորվում, որ Բոնդը մեկնում է հանձնարարություն իրականացնելու առանց տեղեկացնելու և թույլտվության, և նա պատրաստ է ընդունել իր խիզախության հնարավոր հետևանքները»,- ասել է Բոյդը և հավելել, որ իր հերոսը կճանապարհորդի 3 մայրցամաքներով՝ ներառյալ Աֆրիկան:
Հավելենք նաև, որ նոր գրքի հրապարակումը նվիրված է Ջեյմս Բոնդի մասին Ֆլեմինգի գրքի լույս ընծայման 60-ամյակին. այն կոչվում էր «Խաղատուն «Ռոյալ»»:













































