«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է.
Խորհրդային Միության ժողովրդական արտիստ, նշանավոր երգիչ Մուսլիմ Մագամաևի մասին հղումները ինտերնետում, որտեղ հնարավոր է ադրբեջանական գրաքննությունը, «մաքրված են» հայերի մասին հիշատակումներից: Չի նշվում, որ նրա աոաջին կինը հայ էր (ամուսնությունն անհաջող էր, նրանք միասին են ապրել ընդամենը մեկ տարի), Բաքվում ուսանելիս նա ուներ սիրելի հայ դասախոսներ, և վերջապես՝ ամենակարևորը, որ նա Առնո Բաբաջանյանի մի քանի տասնյակ երգերի լավագույն կատարողն էր, և այդ երկու արվեստագետներն իրենց անունը, իրենց ժողովրդականությունը կերտել են նաև իրար (և բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկու) շնորհիվ: Հայերի մասին դրական կամ թեկուզ չեզոք հիշատակումների վերացումը բավականին նման է Թուրքիայի վարքագծին, երբ, ասենք, Անիի կամ Կարսի եկեղեցիներում խնամքով ջնջվում են հայատառ արձանագրությունները, ցուցանակներում որևէ բառ չկա՝ դրանց ազգային պատկանելության մասին, իսկ թուրք զբոսավարները (գիդերը), որոնq շրջում են այլազգիների հետ, հիշատակելով այդ եկեղեցիների ճարտարապետների և այդ ժամանակաշրջանի թագավորների և ճարտարապետների անունները, «մոոանում են» նրանց ազգությունը:
Եվ ահա ես մտածում եմ՝ եթե 50 կամ 100 տարի հետո որևէ ազգության մարդ (այդ թվում` հայ կամ ադրբեջանցի) փորձի տեղեկություններ հավաքել google-ի որոնման միջոցով՝ արդյոք նա ադեկվատ պատկեր կստանա՞: Խոսքը շարքային մարդու մասին է, ոչ թե գիտնականի, որը համացանցային որոնմամբ, հավանաբար, չի սահմանափակվի և կգնա գրադարաններ, կուսումնասիրի սկզբնաղբյուրներ: Պատմությունը, իհարկե, խեղաթյուրվում էր միշտ, ամեն րոպե, համացանցի ստեղծումից դարեր, հազարամյակներ առաջ, պարզապես հիմա մենք ունենք այդ. խեղաթյուրման ակնառու և ընդհանրացված պատկերը»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:










































