Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Արևելյան գործընկերության» քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության մասին Մաքսային միության կազմում ոչ ոք չի հոգալու: Նա այս մասին այսօր հայտարարեց «Անի պլազա» հյուրանոցում հրավիրված քննարկման ընթացքում:
Նրա գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի այս որոշման մեջ դերակատարություն է ունեցել նաև խոշոր բիզնեսը. «Մաքսային միության մեջ Հայաստանի անվտանգության մասին ոչ ոք չի մտածում: Ես ի նկատի ունեմ Ղազախստանի ու Ադրբեջանի սերտ կապերը: Մենք շատ լավ գիտենք՝ ինչպիսի ավանդույթներով է գործում հայկական խոշոր բիզնեսը, և պարզ է, որ այդ իրավիճակից դուրս գալ և մտնել մի տեղ, որտեղ կան որոշակի խաղի կանոններ՝ խոշոր բիզնեսին պետք չէ»:
Ուշագրավ է Նավասարդյանի առաջ քաշած ևս մեկ դիտարկում. «Մենք, զգալով վտանգները, հուլիս ամսին արեցինք հայտարարություն, որտեղ ներկայացրեցինք մեր մտահոգությունները՝ զգալով, որ վատ բանի հոտ է գալիս: Եվ որպեսզի փորձենք հասկանալ, թե ինչ դերակատարություն ունեն կուսակցությունները, հրավիրեցինք մեր նիստին բոլոր խորհրդարանական կուսակցություններին՝ իրենց դիրքորոշումները հայտնելու»:
Այնուհետև բանախոսը ներկայացրեց կուսակցությունների դիրքորոշումը հուլիսի սկզբին, երբ դեռ ԵՄ-ի հետ բանակցությունները չէին ավարտվել. «Հանրապետական կուսակցություն՝ իհարկե կգանք և համաձայն ենք ձեզ հետ, որ իսկական ժամանակն է հստակ ներկայացնել դիրքորոշումը… Ի՞նչ պետք է ասեին, եթե գային: Միանշանակ կասեին՝ մենք Ասոցացման համաձայնագիր ստորագրող ենք: Չեկան:
ՕԵԿ՝ դա մեր ծրագրային դրույթն է, մեր ղեկավարն էլ դեմ չէ դրան:
ՀԱԿ՝ մենք կողմնակից ենք, միայն եթե հրապարակվի Ասոցացման համաձայնագրի տեքստը, և մենք տեսնենք, որ այնտեղ վտանգներ չկան:
Մոտավորապես նույնը «Դաշնակցությունը»՝ շեշտը դնելով ազգային հարցերի վրա:
«Ժառանգությունը» ժողովին չեկավ: Մինչ այդ ներկայացուցիչն ասել էր՝ դա մեր ծրագրի մասն է, բայց մինչ այսօր հստակ դիրքորոշում կուսակցության ղեկավարի կողմից չենք լսել»:
Ի դեպ, դահլիճում ներկա ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն արձագանքեց՝ ասելով՝ որ իրենք մնացել են նույն կարծիքին:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում:











































