Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացումն աղետ չի լինի Մոսկվայի համար, սակայն տնտեսակայն համագործակցության ծավալը համաձայնագրի ստորագրման դեպքում կնվազի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Մեդվեդևը նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրասիական գերագույն խորհրդի նիստից հետո, որի շրջանակներում բանակցություններ է տեղի ունեցել նաև Ուկրաինայի վարչապետի հետ:
«ԵՄ-ի հետ պայմանագրի ստորագրումից հետո աղետ չի լինի, մենք կշարունակենք համագործակցել, սակայն տնտեսական համագործակցության ծավալը կնվազի»,- ասել է նա:
Վարչապետը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման կապակցությամբ և ձգտումը դեպի Մաքսային միությունը «վերջնագիր չեն»:
Միևնույն ժամանակ Մեդվեդևը նշել է, որ Ուկրաինայի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանը ստիպված կլինի պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել ԱՊՀ շրջանակներում: Նրա խոսքերով՝ «հենց որ Ուկրաինան պայմանագիր ստորագրի ԵՄ-ի հետ, ապա ամենայն հավանականությամբ, կլինի եվրոպական ապրանքի մեծ հոսք, որը կճնշի ուկրաինական շուկան, և արդյունքում այդ ապրանքները կհայտնվեն նաև ռուսական շուկայում»:








































