«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասանուհի, ռեժիսոր Թամար Հովհաննիսյանը։
– Տիկին Հովհաննիսյան, արդյո՞ք երկարաժամկետ եք մեկնել Միացյալ Նահանգներ:
– Հավանաբար ամառվա վերջին կվերադառնամ:
– Մեկ տարի է անցել «Սասնա ծռերի» գործողություններից: Ընթանում են դատական գործընթացներ: Մեծ հաշվով հանրային մեծ արձագանք չեն գտնում նիստերը, չնայած փաստաբաններն ահազանգում են ծռերի՝ ծեծի ենթարկելու մասին: Ինչո՞ւ։
– Ինչից եք ենթադրում, որ հանրային մեծ արձագանք չեն գտնում: Վերջերս՝ Արարատ Խանդոյանի վճռից, դատարանի շենքում աղմկահարույց ծեծ ու ջարդից հետո մի փոքրիկ հարցախույզ անցկացրինք Գլենդելի հայաշատ վայրերում, բոլորն ուշադիր հետևում են և համատարած զայրույթի ալիք կա: Երևանում էլ, հայտնի է, որ շատ քիչ թվով մարդկանց են դատարանի դահլիճ թողնում, այն էլ հաշվառելուց հետո միայն: Նիստերի դահլիճները փոքր են, ապակեպատ, բայց համակիրները, այնուամենայնիվ, գալիս են, չնայած, որ ամառ է և սոսկալի շոգ և հնարավոր է՝ մարդիկ մեկնած լինեն հանգստի:
– Տիկին Հովհաննիսյան, ինչպե՞ս եք գնահատում կոչերը, որ պետք է ձևավորվի հանրային, քաղաքացիական, քաղաքական հստակ բռնատիրության դեմ ժողովրդական, քաղաքացիական լուրջ ճակատ: Արդյո՞ք դրա նախադրյալները կան։
– Այդպիսի ճակատ կձևավորվի, կոչերը լինեն, թե չլինեն: Իրավիճակն է թելադրում: Իրավիճակն է սրում իրադրությունը, իսկ իրավիճակը սրում են ռեժիմի անհեռատես, տգետ, անկուշտ և հիվանդ հոգեբանությամբ, հիվանդ մտածողությամբ պարագլուխները: Այնքան էլ լավ չեն խաղում շախմատ: Հայաստանում անկախ դատարան չկա, դա փաստվում է յուրաքանչյուր նիստի ժամանակ, և մի երկիր, որտեղ չի գործում անկախ դատարան, դժվար է անվանել՝ պետություն: Ռեժիմը իրականությունից կտրված է և կարծում է, թե վերին ատյանը Մոսկվան է, ինչպես սովետի ժամանակ էր և անցել է բեսպրեդելի: Կարելի է հիշեցնել, որ միջազգային ատյաններ կան և այս ընթացիկ վայրագություններին, ապօրինություններին չորս աչքով հետևում են ու այդ պահն էլ կգա։
– Տիկին Հովհաննիսյան, դատարանում Ժիրայր Սէֆիլյանը դիմել է քաղաքացիներին՝ ասելով. «Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք ունեն առաքելություն ոտքի կանգնեցնելու մեր ժողովրդին և տապալելու թրքաբոլշևիկյան, ենիչերական առկա ռեժիմի համակարգը։ Ի՞նչ եք սպասում, ինչի՞ եք սպասում։ Սպասում եք ռազմագերիների կացնահարմա՞նը»։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
– Ժիրայր Սէֆիլյանը հայտարարել է այն, ինչ ինքն է ճիշտ համարել և ես քննության առարկա չեմ դարձնի: Եթե համեստությունս մի կողմ դրած ասեմ, որ ժողովրդին ոտքի կանգնեցնելու առաքելությունն ուրիշ շատ արժանավոր մարդկանց հետ կիսում եմ նաև ես, ապա ես կհետևեմ այդ կոչին, որքան որ ներեն ուժերս:
– Տիկին Հովհաննիսյան, կոչեր են հնչում թավշյա, առանց զենքի հեղափոխություն անելու մասին: Ինչո՞ւ հիմնականում մերժվեց Րաֆֆի Հովհաննիսյանի այս առաջարկը։
-Ես չեմ հիշում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակիորեն նման առաջարկ է արել և այն մերժվել է: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է և դեռ ասում է, որ իր համար պայքարի բոլոր ձևերն ընդունելի են, և որ ինքը թե՛ ժողովրդի մեծամասնության, թե՛ «Սասնա ծռերի» կողքին է: Իր վերջին ասուլիսի ժամանակ հստակ ասաց՝ «Սասնա ծռերը» անմեղ են, հետո կրկնեց՝ անմեղ են, ոչ թե նկատի ունենալով անմեղության կանխավարկածը, այլ պարզապես ԱՆՄԵՂ ԵՆ: Ընդհանրապես ես Րաֆֆիի հանդեպ ունեմ ընդգծված համակրանք, հավատում եմ, և դա գալիս է տասնամյակների ընկերությունից: Նրան շատ հավանում էր նաև Մհերը: Ինքը Րաֆֆին շատ առաքինություններ ունի, որոնց մասին գուցե հանրությունը տեղյակ չի: Գուցե մեր հանրության համար մի քիչ տարօրինակ, անհասկանալի, անընդունելի, բայց այն է, ինչ որ է:
– Կարծիք կա, որ «Սասնա ծռերի» դատավարությունը տանում է նրան, որ փակ դատեր լինեն, և իշխանությունն արագ ավարտի այս գործը։ Ի՞նչ զգացողություն ունեք դատավարությունից, որքա՞ն կարող է շարունակվել այս վիճակը։
– Այո՛, տանում են դրան, որ արագ վճիռ կայացնեն, բայց… ինչպես կասեր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսի հերոս Չացկին՝ «А судьи кто»։ Թող անեն, ինչ ծրագրել են, միայն «Սասնա ծռերին» ամրություն, հումորի զգացում, առողջություն եմ ցանկանում, ինչը նրանք ունեն, հավատացեք, իսկ մեզ բոլորիս էլ կուզեի ասել՝ ժամանակից շուտ եզրակացություններ չանենք, ավելի գործենք, քան խոսենք: Ես կլինեմ ճիշտ ժամանակին ճիշտ վայրում՝ չկասկածեք։
– Ինչպե՞ս եք գնահատում Վարուժան Ավետիսյանի՝ զենք վերցնելու և ապստամբելու կոչը:
– Կրկին, ինչպես Ժիրայրի կոչի պարագային, Վարուժանի դեպքում էլ, եթե ասում է, գիտի, թե ինչ է ասում, քննության չեմ առնում, կրկնում եմ՝ ԱՎԵԼԻ ԳՈՐԾԵՆՔ, ՔԱՆ ԽՈՍԵՆՔ:









































