«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր անդրադարձել է Անկախության 22- ամյակին՝ նշելով, որ բարեբախտություն ունի ասելու, որ անկախության այս փուլն ավելի երկար տևեց, քան առաջին հանրապետության անկախությունը: Հայաստանի իշխանությունների իրականացրած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, նրա դիտարկմամբ, մեզ բերել են այն իրավիճակին, երբ իշխանությունների ակտիվ ջանքերի շնորհիվ ընդունվում են որոշումներ, որոնք որևէ մեկի համար հասկանալի չեն:
Ասոցացման համաձայանագրի շուրջ, ըստ նրա, քննարկումներ կային, ինչը նշանակում է՝ որոշակի լեգիտիմիություն ուներ տվյալ հարցը: Ըստ նրա՝ հասարակությունը հույս ուներ, որ բարեփոխումները, որ նշված էին համաձայնագրում, էականորեն կփոխեն իրավիճակը, ՄՄ-ի հետ կապվածը անընդունելի գործընթաց է անգամ տեխնիկական առումով: Այն ամենը, ինչ տեղի է ունենում իշխանությունների կողմից այս պահին ՄՄ անդամակցության հայտարարության հետ կապված, կարելի է ասել, որ խաբեություն է:
Նա նշեց, որ Ասոցացման համաձայնագիրը կստորագրեն Վրաստանը, Ուկրաինան: Վրաստանը գնալու է դեպի Եվրամիություն, դեպի ՆԱՏՕ: Ցանկացած պարագայում, ըստ բանախոսի, մեր հարևանությունը գնում դեպի եվրոպական ասոցացման դաշտ:
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ ՄՄ-ն երկարաժամկետ չի կարող գոյություն ունենալ, ՄՄ-ն առավելագույնը կլինի հանքահումքային միություն, որն այսօր աշխարհում չի կարող առաջատար լինել, քանի որ հիմա առաջատար տեխնոլոգիաների դարաշրջան է:
Այնուամենայնիվ, ՄՄ անդամ դառնալու դեպքում, Ա. Մարտիրոսյանի խոսքով, մենք դեռ ֆինանսական կորուստներ ենք կրելու, քաղաքացիները դեմ-հանդիման են կանգնելու բարձր գնաճի հետ: Ըստ բանախոսի՝ ցածր աշխատավարձերի և գործատեղերի կրճատման դեպքում մենք ունենալու ենք ավելի ուժգնացած արտագաղթ:
Սերժ Սարգսյանի՝ ՄՄ անդամակցության հայտարարությունը երկու հիմնական խնդրով է պայմանավորված՝ իշխանության պահպանում և օլիգախիկ համակարգի պահպանում:









































