ՄԱԿ-ի տվյալներով՝ Պերուն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կոկայի տերևների աճեցմամբ, որոնցից ստանում են կոկաին, հաղորդում է Reuters-ը: Նախկինում այս ոլորտում առաջատար էր համարվում Կոլումբիան:
Թմրանյութերի և հանցագործության դեմ պայքարի ՄԱԿ-ի վարչության զեկույցի համաձայն՝ 2012թ. Պերուում կոկայի պլանտացիաները զբաղեցրել են 60.4 հազար հա, ինչը 20%-ով ավելի շատ է, քան Կոլումբիայում, որտեղ պլանատացիաները կրճատվել են 25%-ով՝ մինչև 48 հազար հա:
Զեկույցում նշվում է, որ 2012թ. Պերուում պլանտացիաների աճը դադարել է 7 տարվա ընթացքում առաջին անգամ՝ տնկիների համար հատկացվել է 3.4%-ով քիչ տարածք 2011թ. համեմատ:
Պերուի նախագահ Օլյանտան Ումալան, որն այս պաշտոնը ստանձնել է 2011թ., ուժեղացրել է պայքարն ընդդեմ կոկայի աճեցման:






































