Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ, Թուրքիայի Կայսերի (Աբդուլլահ Գյուլի հայրենի) քաղաքում Nabucco գազատարի նախագծի ստորագրման արարողությունը երկու օրով հետաձգվել է և կայանալու է հունիսի 8-ին։
Համաձայնագրի կնքմանը մասնակցելու են ավստրիական OMV Gas GmbH, թուրքական BOTAŞ, բուլղարական Bulgargaz, ռումինական Transgaz S.A., հունգարական MOL Natural Gas Transmission Company Ltd և գերմանական RWE AG ընկերությունները:
Հիշեցնենք, որ Nabucco գազատարն, ըստ նախագծի, ունենալու է 3300 կիլոմետր երկարություն և տարեկան 31 միլիարդ խորանարդ մետր թողունակություն: Այն պետք է կասպյան ավազանի գազը հասցնի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը:
Nabucco գազատարի նախագծի արժեքը նախկինում նշվող 7.9 միլիարդ եվրոյի փոխարեն, վերջերս աճել է՝ հասնելով 12-15 միլիարդ եվրոյի: Գազատարի կառուցումը պլանավորված է 2013 թվականին:










































