Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ, վարչապետ Էրդողանի՝ քրդաբնակ Դիարբեքիր այցելելուց առաջ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։
Հետախուզությունից ստացված տվյալների հիման վրա ոստիկանությունն իրականացրել է անվտանգության մի շարք միջոցառումներ, ինչի արդյունքում առգրավվել է 37 մոլոտովյան կոկտեյլ։
Բացի այդ, հայտնաբերվել են ևս 52 դատարկ շշեր ու մեծ քանակությամբ նյութեր, որոնք նույնպես ծառայելու էին մոլոտովյան կոկտեյլների համար։ Հայտնաբերվել են նաև ձայնային ռումբեր։
Մինչ Էրդողանի ժամանումը տեղի քրդերը «զինվել» են քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) դրոշներով և ցույց կազմակերպել՝ վանկարկելով քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի և նրա հիմնադրած «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անունները։










































