Նորածնային մահացության տեսանկյունից Հայաստանը տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի համեմատ բավականին լավ վիճակում է: Նորածնային մահացությանը ցուցանիշը Հայաստանում դանդաղ նվազում է: Ներկայում նեոնատալ մահացությունը Հայաստանում 7 պրոմիլ է: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:
«Նեոնատալ բժշկության որակը Հայաստանում բարելավվել է: Նորածնային մահացությունը Հայաստանում 7 պրոմիլ է, ինչը նշանակում է, որ 1000 ծնունդից մինչև 28 օրական 7 նորածին է մահանում: Ցուցանիշը կրկնակի շատ է զարգացած եվրոպական երկրների համեմատ, սակայն միջինասիական երկրների ցուցանիշների՝ 22-25 պրոմիլի հետ համեմատած, մենք բավականին լավ վիճակում ենք»,-ասաց Պավել Մազմանյանը:
Նրա խոսքով՝ նեոնատալ բժիշկների գիտելիքների տեսանկյունից ևս վիճակը բավականին լավ է: Մասնագետների վերապատրաստումները կատարվում են անընդմեջ, արտասահամանյան կոլեգաների հետ կա պարբերական շփում, համագործակցություն: Ոլորտի հիմնական խնդիրն է ֆինանսական դրությունը: «Նեոնատալ բժշկությունը պահանջում է անընդհատ ֆինանսական ներդրումներ, քանի որ տեխնիկան զարգանում է: Տեխնոլոգիական հագեցվածության տեսակետից Հայաստանը դեռ հետ է մյուս զարգացած երկրներից: Ֆինանսական խնդիրների պատճառով անհասանելի են դիագնոստիկ միջոցներ, շնչառական թերապիայի նոր մեթոդներ»,-եզրափակեց Մազմանյանը:







































